Հուլիսի 1-ից` միայն սպիտակ մեքենաներով. ԱԺ–ն ընդունեց օդանավակայանի տաքսիների մասին օրենքը

84 կողմ, 14 դեմ ձայներով ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Դրանով գործադիրը փորձում է կարգավորել Երևանի ու Գյումրու օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեությունը` սահմանելով նոր պահանջներ։

Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 000 դրամ է։ Ընդ որում, այդ գումարը վճարելու են ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ–ները։

Օրենքով սահմանվում է նաև օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ դրանք խախտելու համար։

Ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչև 7 տարվա արտադրության, բացառապես գործարանային սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։

Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից, տվյալ դեպքում` ս.թ. հուլիսի 1-ից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։