Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի

Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակ, Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան քվեարկության առաջին փուլում բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մետսոլայի թեկնածությանը կողմ են եղել 690 պատգամավորից 458-ը։ Քվեարկությունը հեռավար է անցկացվել։

Նրա թեկնածությունն առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այսպիսով, 1999 թվականից ի վեր առաջին անգամ Եվրախորհրդարանը կին նախագահ կունենա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի նախորդ նախագահը` Դավիթ Սասոլին, մահացել էր հունվարի 11-ին։ Նա հիվանդանոցում էր անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից։ Սասոլին Եվրախորհրդարանի նախագահ էր ընտրվել 2019 թվականի հուլիսի սկզբին։

Ռոբերտա Մետսոլան ակտիվորեն պաշտպանում է կանանց իրավունքները և հանդես է գալիս Եվրախորհրդարանում առավելագույնս բաց լինելու օգտին: