«Պատիվ ունեմ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓԱԿԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
Պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021-ին ԶՈւ-ում ոչ մարտական կորուստները որքան են եղել։ 2021 թվականին՝ բացի սահմանին ադրբեջանական սադրանքներից, զինծառայողնների գերեվարման դեպքերից, հայկական կողմն ունեցել է նաև ոչ կանոնադրական հարաբերությունների մասով խնդիրներ , որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նիստում պարզվել է, որ պաշտպանության նախարարը, փաստորեն, չի տիրապետում, թե 2021-ին ԶՈւ-ում ոչ մարտական կորուստները որքան են եղել։ «Փաստացի, պետական կառավարման համակարգը գնում է դեպի տեղեկատվական շրջափակում։ Ավելին, որոշակի ազդակներ են գալիս գործող իշխանությունից։ Այսպիսով, նրա համար տհաճ տեղեկությունների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական գործի հարուցման»,- հավելեց պատգամավորը։
Ընդդիմադիրը վստահ է, որ իշխանությունները փորձում են որոշակի հարցերի գաղտնիությունն օգտագործել իրենց նեղ շահերից ելնելով։ «Փորձում են համակարգը փակել հանրային վերահսկողությունից։ Սա լուրջ խնդիր է զինվորականների ընտանիքների համար։ Մենք գործ ունենք զինծառայողների իրավունքների խախտումների հետ, որոնք ոչ մի կերպ չեն հրապարակվում»,- նշեց Աբրահամյանը։