Խաչատրյան․ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նա, ըստ էության, հերքել է «Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումը։

«Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: Հավելեմ նաև, որ շշուկներին ու այսպես կոչված շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած «ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է»,– նշել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, սակայն նա 1 շաբաթ ժամանակ ունի՝ ԱԺ ներկայացրած դիմումը ետ վերցնելու համար։ Հակառակ դեպքում ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։