ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» սկզբունքից

ՆԱՏՕ-ի պատասխանը փոխանցվել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ դաշինքը լրջորեն ուզում է առաջընթացի հասնել Ռուսաստանի հետ երկխոսության հարցում և առաջարկում է վերսկսել ներկայացուցչությունների աշխատանքը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ կազմակերպությունը մտադիր չէ հրաժարվել «բաց դռների» սկզբունքից, և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պատրաստվում է մեծացնել ռազմական ներկայությունը Բալթիկ և Սև ծովերում:

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը շեշտել է նաև, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը երեք երկրից՝ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից:

Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության վերաբերյալ առաջարկների պատասխանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։