Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է նորաձևության միջազգային ցուցահանդես, որին առաջին անգամ 12 հայկական ապրանքանիշ է ներկայացվել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։

Նշվում է, որ Հունաստանում ՀՀ արտականգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, եղել է ցուցահանդեսում, ողջունել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություն և հետագա համագործակցության հեռանկարային ձեռքբերումներ։

Դեսպանը ծանոթացել է ցուցադրվող ապրանքատեսակներին և զրուցել հայ դիզայներների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք կապված են հայկական տեքստիլ արտադրանքը ԵՄ արտահանելու հետ։ Մկրտչյանն իր կողմից հավաստիացրել է, որ հնարավորինս կաջարկցի հայ դիզայներներին ու տեքստիլ արտադրողներին։

Միջոցառումն իրականացնում է Նորաձևության և դիզայնի պալատը `Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում։

Հայկական տաղավարը այցելուների համար բաց է լինելու մինչև հունվարի 30-ը ներառյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։