Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Սահմանադրության փոփոխության նախագծին

Արցախի Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը:

Նախագահի ներկայացուցիչ և տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները սկսվել են մեկ տարի առաջ։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս կա հանձնաժողով ստեղծելու հարցում, որը համապատասխան հայեցակարգ կմշակի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել կառավարությանն առընթեր վարչության պետ Արայիկ Լազարյանը։ Եռամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է Հարությունյանին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների մշակված հայեցակարգը։

Ըստ ԶԼՄ–ների` Հարությունյանը սահմանադրական փոփոխություններով ցանկանում է իշխանության մեջ ներգրավել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ Արցախի Սահմանադրությունն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով։