«ՊԱՏՄԱԿԱՆ» ԱՅՑ՝ «ԱՆՆԱԽԱԴԵՊ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...

ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉԻՆՉ ՉՀԱՍԿԱՑԱՆ, ՈՉԻՆՉ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ ՈՒ ՈՉ ՄԻ ԱՌՈՒՄՈՎ ՉՓՈԽՎԵՑԻՆ։ Հայաստանը նրանց օրոք դատապարտված է։ Շոուն սրանց համար առաջվա պես ամեն ինչ է։ Իսկ այ, մի հարցնող լինի Սիմոնյանին. «Ինչպիսի՞ն է այցի կոնկրետ արդյունքը»։

Քո այցից հետո վերադարձվե՞լ է թեկուզ մեկ ռազմագերի։ Հայաստանի տարածքից թեկուզ մեկ մետր նահանջե՞լ են ադրբեջանցի զինվորականները։ Թեկուզ մեկ հայ ընտանիք վերադարձե՞լ է Հադրութ։ Գուցե ամերիկացիները ժամանակակից սպառազինությո՞ւն են տրամադրել մեզ։ Ոչ, իհարկե։ Պարզապես բարեսիրտ Փելոսին լուսանկարվել է մեր Սիմոնյանի հետ։ Մեծահոգաբար ժպտալով։ Սա է Սիմոնյանի ԱՄՆ կատարած այցի ողջ պատմականությունն ու աննախադեպությունը։

Իսկ ինչո՞ւ է Ներկայացուցիչների պալատի խոսնակը հանկարծ բարյացակամ դարձել հայկական նոր իշխանության նկատմամբ։ Ինչո՞ւ ԱԺ «նախկին» խոսնակները չեն կարող պարծենալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ լուսանկարներով։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Կար Արցախի հիմնախնդիր, որը միջազգային հանրությունն ապարդյուն փորձում էր լուծել։ Նրա համար, մեծ հաշվով, միևնույնն էր, թե ինչպես կլուծվեր, միայն թե լուծվեր. թուլացվեր Ռուսաստանի ազդեցությունը, տարածաշրջանն ավելի կանխատեսելի դառնար, վերացվեր Արևմուտքի, այսպես ասած, ավելորդ գլխացավանքը։

«Նախկինների» օրոք դա դժվար էր անել։ «Նախկիններն» ամրապնդում էին բանակը, ինչն ինքնին մտահոգում ու նյարդայնացնում էր միաբևեռ աշխարհի կողմնակիցներին, «նախկինները» հրաժարվում էին հանձնել Արցախի շահերն ու իրավունքներ էին բանեցնում...

Բայց ահա եկան նորերը, փամփլիկները։ Ոչ միայն հանձնեցին Արցախը, այլև փաստացի հայտարարում են, որ կորսվածը վերադարձնելու հավակնություններ չունեն։ Ոչ միայն փլուզեցին բանակը, այլև փաստացի ասում են, որ այն վերականգնելու հավակնություններ չունեն։ Դե, թերևս միայն սահմանը կարողանա քիչ թե շատ հսկել։ Այլ կերպ վարվել Ալիևն արգելում է, իսկ փամփլիկները հեզ ու խոնարհ են։ Նույնիսկ Բանակի օրվա առթիվ չեն շնորհավորում, որպեսզի, Աստված մի՛ արասցե, Բաքվում նստած իրենց տերը չբարկանա։ Այ ոստիկանական ուժերը՝ դա ուրիշ բան: Այդտեղ հաստիքային միավորները պատրաստ են ավելացնել ու ավելացնել.

Վերջապես, նոր իշխանությունները պատրաստ են աչք փակել թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, թե՛ 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության վրա։ Պատրաստ են «թուրքական գոտի» անցկացնել իրենց երկրի միջով, ինչը կհանգեցնի Իրանի դերի թուլացման։ Չենք խուսում արդեն Ռուսաստանի մասին։

Ահա այսպիսի փամփլիկ ու խոնարհ նոր իշխանություններ։ Ուրեմն ինչո՞ւ չաջակցել նրանց, ու չթփթփացնել ուսին։ Այն բանի համար, որ ազատում են արևմտյան աշխարհին ավելորդ գլխացավանքից ու թուլացնում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Իհարկե, հանուն դրա կարելի է և լուսանկարվել։ Ու նույնիսկ համբուրվել։ Մի մեծ բան չէ։

Իսկ գերինե՞րը: Իսկ գերիները՝ ի՞նչ։ Կհամբերեն, ինչպես ասում էր Փաշինյանը, կնստեն իրենց պատժաժամկետն ու դուրս կգան։ Իսկ Հայաստանի սահմանամերձ տարածքներում բնակռած ադրբեջանական ստորաբաժանումնե՞րը: Պա՜հ, մի մեծ բան չէ, մի քանի կիլոմետր՝ դես, մի քանիսը՝ դեն.... Գլխավորն այն է, որ Հայաստանը դարձել է կոմայի մեջ ընկած պետություն, անվնաս խոտ, որը ոչ մեկին ոչ մի նեղություն չի տալիս։ Բա էլ ո՞նց չկազմակերպեն Սիմոնյանի պատմական այցն ԱՄՆ՝ աննախադեպ արդյունքներով։

Հ.Գ.- Ահավասիկ, ի դեպ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում Ջոնսոնը վերահաստատում է «Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ միջազգային համագործակցության միջոցով հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման»: Ավելի ազնիվ կլիներ հավելել՝ Հայաստանի շահերի հաշվին... Կարծում ենք, շուտով Ալեն Սիմոնյանը պատմական այց կկատարի նաև Անգլիա, բնականաբար՝ նույնքան երևելի ու աննախադեպ արդյունքներով։

Основная тема:
Теги: