«Հայաստան»․ Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում. նաև ընդհանուր իրավիճակն է քննարկվում. մենք լայն սպեկտրով ենք քննարկում հարցը, այնպես չէ որ նեղ տիրույթով ենք նայում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցերին։

 

Նա նշեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», այս ժամանակահատվածում մի շարք դեպքերում՝ թե օրենսդրական նախաձեռնությունների, թե պաշտոնատար անձանց մասով, հանդես են եկել միասնական դիրքորոշումներով և այս անգամ այդպիսի մոտեցմամբ հանդես չգալու որևէ հիմք չի տեսնում։

Հարցին՝ տեղեկություններ կան, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունն են առաջադրելու, Ա. Վարդևանյանն ասաց. «Կոնկրետ թեկնածուների անուններ և այլն, այս փուլում քննարկման տիրույթում չեն»։

Նա նշեց, որ Սահմանադրությամբ հնգօրյա ժամկետ է տրվում նախագահի թեկնածու առաջադրելու-չառաջադրելու համար, այդ ժամկետը կպահպանեն, տեղեկացնում է News.am։