Փաստաբաններ․ Արդարադատությունը բռնաբարեցին մի խումբ իշխանավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումով արդարադատությունը բռնաբարեցին մի խումբ իշխանավորներ, ժողովրդավարությունը գլորվեց անդունդ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

 


Նշենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։

«Բառեր չեմ կարողանում գտնել, թե ինչ է կատարվել։ Այսինքն՝ կա դատավոր Բորիս Բախշիյան և կա Դավիթ Արղամանյան, կան դատավորներ և կան նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի լինեն իշխանությունների սիրելին, որ ամեն ապօրինության ամար երաշխավորված լինեն»,- ասաց Սարգսյանը։

Փաստաբանը դատարանի որոշումից մի հատված ընթերցեց. «Ներկայացված նյութերն իրենց մեջ առերևույթ վկայում են հետևյալը՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ունեցած դատական նիստին չեն ներկայացել ամբաստանյալներ Հայկ Եղիազարյան, Նվեր Մկրտչյանը, ամբաստանյալ Հայկ Եղիազարյանի բացակայությունը դատավոր Բորիս Բախշիյանը համարել է հարգելի, այստեղ նշված չի, որ նա բժշկական փաստաթուղթ է ուղարկել, միևնույն ժամանակ նշված է՝ իր նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու հարցը։ Դատարանը լսելով կողմերի կարծիքները՝ ի թիվս այլնի այն մասին, որ բացառիկ խափանման միջոցի կիրառման համար անհրաժեշտ պայմանները բացակայում են, նշված հարցի քննարկումը Մկրտչյանի բացակայության պայմաններում խախտում է պաշտպանության իրավունքը, ինչպես նաև մեղադրողի դիրքորոշումն առ այն, որ բացառիկ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, որոշում է կայացրել Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավորում կիրառել»։

Երեմ Սարգսյանն ասաց, որ Բախշիյանի կայացրած այդ որոշումից հետո ամբաստանյալը ներկայացվել է դատարան, որից հետո նրա նկատմամբ գրավ է կիրառվել. «Ո՞ւմ ոտքն է տրորել Բախշիյանը, երբ Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում դրանից հետո նա ներկայացվել է դատարան և պարզաբանումներ է ներկայացրել, խափանման միջոցը փոխվել է գրավով»։

Փաստաբան Արսեն Սարդարյանի համոզմամբ՝ Դավիթ Արղամանյանն այս գործով լուրջ ճնշումների է ենթարկվել. «Իր ակտում էլ է երևում, որ ինքը փորձում է պայքարել, բայց թույլ չտվեցին իրեն արդարադատություն իրականացնել»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։

Նշենք, որ մինչև քննիչի միջնորդությանն անցնելը փաստաբանները դատավոր Արղամանյանին մի քանի անգամ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը, սակայն մերժվել է։

Դավիթ Արղամանյանը նոր ձևավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետև՝ դատավոր։ Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաև ակտիվ «իմքայլական»։ Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով, տեղեկացնում է News.am։