«Հիշեք` իշխանությունն անցողիկ է». Առուշանյանի կալանքի առնչությամբ որոշումը` վաղը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի ի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն իր որոշումը կհայտնի վաղը` փետրվարի 9-ին, ժամը 9։40–ին։ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Երևանի նստավայրում այսօր ընթացող նիստի ժամանակ ասաց նիստը նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Նշենք, որ դատարանի բակում մի խումբ մարդիկ էին հավաքվել` ի աջակցություն Առուշանյանի։

Պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի Առուշանյանը նույնպես ներկա լինի նիստին։ Նիստը նախագահող դատավորը հայտնեց, որ գրություն էր ուղարկել Գորիսի ՔԿՀ այս առնչությամբ։ Սակայն պարզ է դարձել, որ ժամը 12-ից հետո են կարողանում ՔԿՀ–ից դուրս թողնել այնտեղ պահվող անձանց, ուստի ապահովված չէ ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին։

Միաժամանակ, Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարց ուղղեց` ո՞րն է երաշխիքը, որ այս քրգործը բացառություն է` դատավորն անաչառ է լինելու։ Պաշտպանի խոսքով` այս դատավորը մի շարք ոչ իրավաչափ որոշումներ է կայացրել։ Մասնավորապես, նրա որոշմամբ են կալանավորվել ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Դատավորն էլ նշեց, որ իր կայացրած ակտերն իրավաչափ են, քանի որ դրանցից որևէ մեկը չի բեկանվել։ Ավելին, Չարչյանի վերաբերյալ որոշումը չի բողոքարկվել։

«Իմ նկատմամբ որևէ ազդեցություն չի եղել»,–վստահեցրեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Ամեն դեպքում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց, ըստ Ալեքսանյանի` ժամանակը խնայելու համար։ «Միայն մեկ բան եմ ուզում ասել` այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, այդ թվում` ներկայիս իշխանությունը»,–ասաց Ալեքսանյանը։

Հավելենք, որ գործով դատախազն առարկեց Վերաքննիչ բերված` Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը` ասելով, որ Առուշանյանի գործով դեռ ոչ բոլոր վկաներն են հարցաքննվել։

Ըստ գործով դատախազի` դեռևս առկա է ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով, Առուշանյանը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։