Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել

Երեկ Հայաստան վերադարձած 8 գերիներից որևէ մեկը չի ձերբակալվել, նրանց դեմ քրգործ չի հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հայտնել էինք, որ ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ երեկ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

«Երեկ Հայաստան վերադարձած գերրիներին հարցաքննել են, և հարցաքննությունը տևել է 6-7 ժամ։ Տղաներից վեցն ազատ են արձակվել երեկ, իսկ երկուսը ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն, որպեսզի զորամաս տանեն ծառայությունը շարունակելու համար»,-ասաց Թադևոսյանը։

Նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե հարցաքննության ժամանակ դրսում սպասող ծնողները քարերով կոտրել են զինվորական քննչական վարչության ապակիները։

«Դրսում հավաքված ծնողների մոտ մի փոքր լարվածություն է եղել, ինչը բնական է` ծնողների հուզմունքը կարելի է հասկանալ։ Մի փոքր անհանգիստ վիճակ է եղել ծնողների և ոստիկանների միջև, սակայն այն էլ կարճ ժամանակ անց հանդարտվել է»,–ասաց Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 2-ն արդեն ազատության մեջ են, դատարանը մերժել է նրանց կալանքը երկարացնելու միջնորդությունը։