Ադրբեջանը խոստանում է չխոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոստանում է չխոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքներին։

Ադրբեջանը ոչ մի սահմանափակում չի դնում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության համար, ասել է Բայրամովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ նախարարն ասել է, որ Ադրբեջանը դեռևս հունիսին դիմել էր ՅՈւՆԵՍԿՕ՝ առաքելություն ուղարկելու հարցով։ «Մենք ոչ մի սահմանափակում չենք դնում կազմակերպության առաքելության համար։ ՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է ուսումնասիրել ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները»։ Բայրամովը նաև «ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ թույլ չի տվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել օկուպացված ադրբեջանական տարածքներ։ 44-օրյա պատերազմից հետո, նշել է Բայրամովը, Ադրբեջանը և ՅՈւՆԵՍԿՕ-ն սկսել են համագործակցել Ղարաբաղում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հարցում»,- նրան մեջբերում են լրատվամիջոցները։

Այնինչ, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության Բաքվի պատրաստակամության մասին պնդումները բացահայտ սուտ են։ Տառացիորեն միջազգային հանրության աչքերի առջև Ադրբեջանի իշխանությունները բուլդոզերներով հողին հավասարեցրին Նախիջևանի հայկական խաչքարերը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ չտալով մոտենալ դրանց, տեղեկացնում է News.am։