ՆԺԴԵՀԻ ԳՈՐԾԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Զվարճալի իրավիճակ է։ Մինչ Երևանի իշխանությունները կաշվից դուրս են գալիս, որպեսզի «կարգավորեն» հարաբերությունները Թուրքիայի հետ, ընդ որում՝ հակառակ գերիշխող հանրային տրամադրությունների, ինչն արտացոլված է սոցհարցումների արդյունքներում, Թուրքիայում նույնպես ամենևին չեն վառվում ինչ-որ բան կարգավորելու ցանկությունից։ Կրկին իսկ, սոցիոլոգիական հարցումների տվյալները վկայում են, որ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը համարում է, որ հենց Հայաստանն է Թուրքիայի գլխավոր թշնամին։ Այն Հայաստանը, որի դեմ Էրդողանը ղարաբաղյան ճակատում պատերազմելու էր ուղարկում «Բայրաքթարները», թուրք հրահանգիչներին ու սպաներին, F-16 կործանիչներն ու Սիրիայում հավաքագրած վարձկաններին, պարզվում է, Թուրքիայում ընկալվում է որպես գլխավոր սպառնալիք։

Հարցումն անցկացրել է թուրքական Քադիր Հաս համալսարանը։ Հարցվածների 66.2%-ը դեմ է արտահայտվել հարաբերությունների կարգավորմանը, 60.9%-ը Հայաստանը համարում է գլխավոր սպառնալիք Թուրքիային, իսկ 53.8%-ը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք իրենք որպես հարևան կընդունե՞ն ազգությամբ հային

Այս իրավիճակում մեր առջև կրկին ծառացել է գլխավոր հարցը. «Անկարայի ինչի՞ն է պետք այդ գործընթացը»: Բնավ ոչ սահմանների հաստատման համար։ Ոչ էլ Արցախի, որի խնդիրը Բաքվում և Անկարայում համարում են քաղաքականապես լուծված։ Եվ նույնիսկ ոչ Ցեղասպանության խնդրի։ Այս բոլոր հարցերը Անկարայում համարում են կա՛մ արդեն լուծված, կա՛մ վերջնական լուծման ճանապարհին։ Անկարային և Բաքվին ձեռնտու լուծման։

Գլխավորը տխրահռչակ «միջանցքն» է։ Հենց այն միջանցքը, որը ժամանակին թուրքերին թույլ չտվեց բացել Գարեգին Նժդեհը։ Այլապես, ինչպես նկատել է մի ռուս բլոգեր, Թուրքիայի և Ռուսաստանի միջև սահմանն այսօր կանցներ Դաղստանի մոտով։

Այո, հենց նույն Նժդեհը, որին ադրբեջանցիները, Մարկովի ու նրա նմանների միջոցով, ձգտում են ներկայացնել իբրև թունդ ֆաշիստ, նույն Նժդեհը, որն անգնահատելի ծառայություններ է մատուցել ոչ միայն Հայաստանին և Բուլղարիային, այլև Ռուսաստանին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սուրբ Գևորգի շքանշանի ասպետի կոչման արժանացած Նժդեհի հեծելազորը անցած դարի 20-ական թվականների սկզբին թույլ չտվեց իրականացնել Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Ադրբեջան գոտի ձևավորելու թուրքական ծրագիրը։ Հարցն արդեն լուծված ու համաձայնեցված էր թվում, բայց Նժդեհն իր մարտիկների հետ կանգնած էր լեռնային Սյունիքում և կանգնեց այնքան, ինչքան որ պետք էր՝ Ադրբեջանի և Թուրքիայի փաստացի միավորման ծրագիրը խափանելու համար։

Հավանաբար, խորհրդային իշխանությունների կողմից հենց այդ հանգամանքի ըմբռնումով էր պայմանավորված բանտարկյալ Գարեգին Տեր-Հարությունյանի նկատմամբ հատուկ վերաբերմունքը կալանավայրում։ Ըմբռնում, որից իսպառ զուրկ են Մարկովն ու մյուս խավիարակերների ընկերախումբը:

Եվ ահա այսօր, 100 տարի անց, 21-րդ դարի 20-ական թվականներին Նժդեհի գործը, Գարեգին Տեր-Հարությունյանի կյանքի գործը վտանգված է։ Հերոստրատի բարդույթով ախտահարված նոր իշխանությունը, ջանալով գոնե ինչ-որ կշիռ հաղորդել իր ապաշնորհ կառավարմանը, ձգտելով ապացուցել, թե ինչ-որ բան է ներկայացնում իրենից և սպասարկելով տարածաշրջանում «խաղաղության օրակարգը», ուրանում է Նժդեհի գործը, թույլ տալով թուրքական ծրագրերին իրականանալ միանգամայն հեշտ ու խաղաղ։

Սկզբում թուրքական գոտին, որի մասին, ի դեպ, ժամանակին խոսել է նաև Հեյդար Ալիևը՝ ադրբեջանական թերթերի խմբագիրներին տված հայտնի հարցազրույցում, գործելու է որպես Թուրքիան և Ադրբեջանը կապող ավտոճանապարհ ու երկաթուղի։ Ինչպես գրում է Էդուարդ Շարմազանովը, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը. «Դրա մասին են երազել Վեհիբ փաշան,Կարաբեքիրը,Դեմիրելը…Ո՞վ կպատկերացներ, որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը»։

Բայց Փաշինյանը, իհարկե, կպնդի, թե ամեն ինչ լավ է, որովհետև Հայաստանը նույնպես կարող է օգտվել այդ ճանապարհներից։ Հետո թուրքական կապիտալը հողեր կգնի այդ տարծքում և հյուրանոցներ, խաղատներ ու ռեստորաններ կկառուցի։ Իսկ Փաշինյանը կասի, թե դա հրաշալի է, որովհետև Հայաստանի քաղաքացիները նույնպես կարող են քնել այդ հյուրանոցներում, խաշ ուտել այդ ռեստորաններում, իսկ հայ բանվորները՝ աշխատել այդ շինհրապարակներում։

Այնուհետ թուրք գործարարները այդ տարածքներում համատեղ ձեռնարկություններ կստեղծեն Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի հետ, ու մի գեղեցիկ օր Սյունիքը կդառնա ներկայիս Աջարիայի կրկնօրինակը։ Դրախտավայր, որը Վրաստանի կազմում է, բայց թուրքական ներկայությունն այնտեղ բնավ պակաս չէ, եթե ոչ ավելի, քան վրացականը։

Իհարկե, կա Ռուսաստան, կա Իրան։ Մոսկվան և Թեհրանը կարող են կոշտ պաշտպանել իրենց շահերը, և նրանց դժվար թե դուր գա նման սցենարը։ Հաստատ դուր չի գա։ Բայց խոսքը մոտակա հեռանկարի մասին չէ։

Անկարայում և Բաքվում, պետք է արժանին մատուցել նրանց, կարողանում են սպասել՝ նախքան վճռորոշ հարված հասցնելը։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ տարածաշրջանային, իսկ գուցեև համաշխարհային հերթական աշխարհաքաղաքական ցնցումների դեպքում Անկարան հանկարծ անհրաժեշտություն չի զգա զորք մտցնել տարածաշրջան՝ այստեղ բնակվող թուրք քաղաքացիների և թուրքական կապիտալի շահերը պաշտպանելու համար։ Այդժամ երկրի գլխավոր ուսապարկը կպատմի մեզ, որ ինքը թեև պատասխանատուն է, բայց մեղավորը չէ, իսկ ամեն ինչում մեղավոր են նախևառաջ Մեծ Հայքի տարածքը պահպանել չկարողացած Տիգրան Մեծն ու Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Իսկ ծայրահեղ ադեկվատ ոմն պարոնը հանգամանորեն կգրի, թե ամեն ինչի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, որն իր կառավարման տարիներին չի ռմբակոծել Նախիջևանը, Բաքուն ու Ստամբուլը։ Կարող էր, բայց դավաճանաբար չռմբակոծեց