Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել, նրան ՀՔԾ են կանչել

Քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի առթիվ Հակոբյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։

Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին քաղաքագետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունների վերաբերյալ որոշ գնահատականներ է հնչեցրել։

«Մինչ քրեական գործ հարուցելը (մոտ 2 ամիս առաջ) ինձ կանչել էին ոստիկանություն, այժմ էլ` ՀՔԾ։ Ինձ այն ժամանակ թվաց, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն պարզվում է, որ քրեական գործ են հարուցել։ Կանչվել եմ կասկածյալ–վկա կարգավիճակով, օգտվեցի իմ իրավունքից ու ցուցմունք չեմ տվել, միայն վերահաստատել եմ այն, ինչ ասել եմ այն ժամանակ տված իմ ցուցմունքում»,– հարցաքննությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Հակոբյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծանր վիրավորանք հասցնելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված)։ Նրա խոսքով` իր պաշտպանյալը նաև գրավոր հայտարարություն է արել` նշելով, որ այս ամենը որակում է որպես քաղաքական հետապնդում։

«Այս հոդվածը դարձել է գործիք` քրեական հետապնդում իրականացնող մարմինների միջոցով իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Տպավորություն է, որ ոստիկանությունում նոր բաժին է ստեղծվել, որտեղ հավաքված են ծառայողներ, ովքեր վերլուծում են այս կամ այն ընդդիմախոսի ելույթն ու փորձում են հասկանալ` դրանից Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, թե ոչ»,– նշեց Հարությունյանը։

Քրեական գործի շրջանակներում ոչ ոք ներգրավված չէ որպես տուժող։ Երբ փաստաբանը սկզբում հետաքրքրվել է, թե ում է վիրավորել իր պաշտպանյալը, քննիչն ասել է. «Դե, պարզ է` ում», ու չի նշել որևէ անուն։

Նա ընդգծեց, որ գործը դատարան հասնելու դեպքում կներկայացնեն իրենց բոլոր փաստարկները, որոնք կհերքեն հավանական մեղադրանքն ու քրեական հետապնդում իրականացնող մարմինների դիրքորոշումը տվյալ հարցի կապակցությամբ։ Հակոբյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և Հարությունյանը հուսով է, որ չի էլ առաջադրվի` հանցակազմի բացակայության հիմքով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։