«Ժողովուրդ». ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 4-Ը ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ. ԲՈԼՈՐԸ ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգը շունչը պահած սպասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի որոշմանը: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ի կողմից 102 կողմ ձայնով ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մինչև մարտի 4-ը ժամանակ ունի դատավորների դիմումին պատասխան տալու համար: Իհարկե, արտահերթ ընդհանուր ժողով չհրավիրել չի կարող, քանի որ բոլոր պահանջվող չափանիշներն ապահովված են, պարզապես Թադևոսյանը կարծես թե, որքան հնարավոր է, ժամանակ է ձգում: Դատական համակարգում այն կարծիքին են, որ նա այլընտրանք չունի և պետք է ժողովը հրավիրի՝ «կուլ չգնալով» քաղաքական իշխանությանը, և 93 դատավորի հուսախաբ չի անի»:

News.am