Բայդեն. Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա շատ հավանական է մնում

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը շարունակում է հավանական մնալ, իսկ հաղորդումներն այն մասին, որ որոշ ռուսական ուժեր դուրս են բերվել Ուկրաինայի հետ սահմանից, դեռ չեն հաստատվել: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք պատրաստ ենք վճռականորեն պատասխան տալ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը, որը շատ հավանական է մնում»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում Սպիտակ տնից։

Բայդենն ուղղակիորեն դիմել է ռուս ժողովրդին՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան կարող է «արյունալի և կործանարար պատերազմի» վերածվել։

«Կոչ եմ անում Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամիները չեք,- ասել է նախագահը։- և ես չեմ հավատում, որ դուք արյունալի և կործանարար պատերազմ եք ցանկանում Ուկրաինայի դեմ` մի երկրի և ժողովրդի դեմ, ում հետ դուք ընդհանուր պատմության և մշակույթի այդքան խորը կապեր ունեք»:

Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերությունների մեջ մտնել Ռուսաստանի և մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ ընդհանուր Եվրոպայում անվտանգության իրավիճակի կայունացման համար։ Եվ մենք պատրաստ ենք վճռականորեն պատասխան տալ, եթե ռուսական ներխուժում տեղի ունենա Ուկրաինա, ինչը դեռ շատ հավանական է»։

Բայդենը հավելել է, որ անցած շաբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել բարձր մակարդակի դիվանագիտական ​​շփումները՝ պայմանավորվածությունների ձեռք բերման համար։

«Մենք պետք է դիվանագետներին ընձեռենք հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ կան իրական ուղիներ՝ մեր անվտանգության խնդիրները լուծելու համար»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի մերձակայքում ավելի քան 150.000 ռուսական զորքերի տեղակայման փաստը «փաստ է մնում», և «ներխուժումն ակնհայտորեն հավանական է մնում»։

«Հենց այդ պատճառով էլ ես բազմիցս խնդրել եմ Ուկրաինայում գտնվող բոլոր ամերիկացիներին հեռանալ, քանի դեռ ուշ չէ... Հենց այդ պատճառով մենք մեր դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխեցինք Լվով»,- ասել է նախագահը և հավելել, որ ԱՄՆ-ն « Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման չի ձգտում»:

«Սակայն եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա դա ընտրությամբ պատերազմ կլինի, պատերազմ առանց պատճառի կամ առիթի։ Սա ասում եմ ոչ թե մարտահրավեր նետելու, այլ ճշմարտությունն ասելու համար. քանի որ ճշմարտությունը, որ պատասխանատվությունը կարևոր են: Եթե ​​առաջիկա օրերին կամ շաբաթներին ռուսական ներխուժում տեղի ունենա, Ուկրաինան մեծ մարդկային կորուստներ կկրի։ [Բայց] Ռուսաստանի համար ռազմավարական կորուստները ևս հսկայական կլինեն։ Եթե ​​Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, այն համընդհանուր միջազգային դատապարտման կարժանանա: Աշխարհը չի մոռանա, որ Ռուսաստանը ոչնչով չարդարացված ընտրություն կատարեց մահվան և կործանման օգտին։ Ուկրաինա ներխուժմամբ [Ռուսաստանն] անխուսափելիորեն կվնասի ինքն իրեն։ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն դրան: Արևմուտքը միասնական է և պատրաստ է գործել: Այսօր ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները և բուն դաշինքը միասնական և վճռական են, ինչպես երբեք»,- ասել է նախագահը, տեղեկացնում է News.am։