Հատկանշական է, որ պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով. Բեգլարյանը` Թաթոյանին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին գերատեսչական հուշամեդալ է հանձնել, տեղեկությունը հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմը։

Նշենք, որ Թաթոյանն աշխատանքային այցով Արցախում է։

«Հատկանշական է, որ Ձեր պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով՝ ամփոփելով կատարած աշխատանքը նաև արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ուզում եմ արժևորել Ձեր իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում»,- նշել է Բեգլարյանը:

Թաթոյանն էլ իր հերթին ասել է, որ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է: Նրա խոսքով` Արցախի պաշտպանի հաստատությունը պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան ընթացքում ցույց տվեց իր կայացվածությունն ու բարձր մշակույթը:

Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր, տեղեկացնում է Sputnik Արմենիա: