Հայոց ցեղասպանության չճանաչումը և ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների և պատերազմների

2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաև Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը և ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների և պատերազմների», տեղեկացնում է News.am: