Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

Այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր:

Նշենք, որ երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան և քվորում չապահովվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ միջնորդել նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: