Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ապացույցների բեռի բաշխում արեց։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կատարվածի առիթով հայցվորի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ։ Ինչպես նաև հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային եղանակով։ Հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

Երկրորդ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատարանն այդ որոշումով գործեց ոչ պրոֆեսիոնալ։ Նրա խոսքով՝ ապացուցման բեռը հիմնականում պատասխանողի վրա է դրվում։

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ նիստը հետաձգեց և նշանակեց ապրիլի 13-ին։ Հաջորդ նիստին կողմերը դատարանին պետք է ներկայացնեն ապացույցները, տեղեկացնում է News.am։