Ճապոնիան միացել է Ռուսաստանի ԿԲ-ի և Պուտինի դեմ պատժամիջոցներին

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետ Ֆումիո Կիսիդային։ Այս մասին Կիսիդան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ էին սահմանել ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան։ Ճապոնիան պատժամիջոցներ կկիրառի նաև Բելառուսի նախագահի և բելառուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։

Ճապոնիայի վարչապետի գրասենյակը փետրվարի 28-ին հայտարարեց, որ պատժամիջոցներ են սահմանվում ռուսական բանկերի և նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, սակայն կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցների մասին ոչինչ չի ասվում:

«Ճապոնիան հայտարարում է հետևյալ միջոցների մասին՝ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ արգելափակել Ռուսաստանի կառավարության հետ կապված անձանց և նախագահ Պուտինի ակտիվները, արգելափակել երեք ռուսական բանկերի՝ «ՎԷԲ», «Պրոմսվյազբանկ» և «Ռոսիա» բանկերի ակտիվները, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցներ ձեռնարկվել միջազգային ֆինանսական համակարգից և համաշխարհային տնտեսությունից Ռուսաստանի մեկուսացման ուղղությամբ՝ ռուսական որոշ բանկերի՝ SWIFT համակարգից բացառման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ճապոնիայի կառավարությունը նաև արգելել է գործարքները ռուսական սուվերեն պարտքի հետ առաջնային և երկրորդային շուկաներում, արգելք է սահմանել ռուսական պաշտպանական կառույցներին արտահանման մատակարարումների վրա, արգելել է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև կիսահաղորդիչների արտահանումը Ռուսաստան: Կասեցվում է նաև ճապոնական վիզաների տրամադրումը բոլոր նրանց, ում վրա տարածվել են պատժամիջոցները, տեղեկացնում է News.am-ը։