ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը

ԱԺ–ի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 62 դեմ ձայնով մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած` թոշակների ամենամյա ինդեքսավորման մասին նախագիծը ԱԺ օրակարգում ներառելու առաջարկը։

Մինչ քվեարկությունը հեղինակը, ներկայացնելով նախագիծը, հույս հայտնեց, որ թեև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին, բայց մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները թույլ կտան, որ նախագիծն ընդգրկվի ԱԺ նիստի օրակարգում ու քննարկվի։

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ հակառակը` իր ելույթում գործընկերներին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչը և տեղի ունեցավ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։