«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆԸ» ԱՅԼԵՎՍ ՉԻ՞ ՎԱՅԵԼՈՒՄ ԱՄՆ-Ի ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 29-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է 2023 թվականին տրամադրելիք արտաքին ֆինանսական օգնության Բայդենի վարչակազմի ծրագրերին: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հիասթափված է, որ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին կրկին 24 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսում, իսկ Արցախին ընդհանրապես որևէ աջակցություն չկա: Սա սխալ ազդակ է»,-հայտարարել է Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
Նշված գումարը ընթացիկ ֆինանսական տարում նախատեսվածից պակաս է 21 մլն-ով։ Բացի այդ, բյուջեն չի նախատեսում օգնություն Արցախին, մինչդեռ այս տարի ԱՄՆ-ը հայկական պետությանը տրամադրել է 2 մլն դոլար մարդասիրական օգնություն՝ հիմնականում ականազերծման համար։ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Սպիտակ տանը և Կոնգրեսին առնվազն կրկնապատկել ՀՀ օգնությունը՝ հասցնելով այն 50 մլն դոլարի։ Կազմակերպությունն առաջարկում է Արցախին տրամադրել ևս 50 մլն դոլար՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների արդյունքում փախստական դարձած տասնյակ հազարավոր մարդկանց օգնելու համար, ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հարկ է հիշեցնել, որ անցած տարի նույնպես Բայդենի վարչակազմը նախատեսում էր ՀՀ-ին հատկացնել 24 մլն դոլար, սակայն հայկական կազմակերպությունների լոբբիստական գործունեության արդյունքում Կոնգրեսը գրեթե կրկնապատկեց այդ գումարը՝ մինչև 45 միլիոնի: Ինչպես տեղեկացրեց Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Հայ դատի հանձնախումբը այս տարի ևս ջանքեր է գործադրում, որպեսզի Սպիտակ տան առաջարկները վերանայվեն հօգուտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:
Ի դեպ, ԶԼՄ-ները սխալմամբ հաղորդել են, թե իբր՝ Հայաստանին տրամադրվող օգնության կտրուկ կրճատման խորապատկերին Բայդենի վարչակազմն առաջարկում է Ադրբեջանին հատկացնել 164 մլն դոլար։ Իրականում բյուջեի նախագծով Բաքվին առաջարկվում է ընդամենը 9,7 մլն դոլար, սակայն, ինչպես նշում է հանձնախումբը, այդ գումարի մեջ չեն մտնում Պենտագոնից ստացվող հատկացումները, և դեռ պարզ չէ, թե Ադրբեջանն ի վերջո որքան գումար կստանա ԱՄՆ-ից: Նշված 164 մլն դոլարն այն միջոցներն են, որոնք Բաքուն ընդհանուր առմամբ ստացել է ամերիկացիներից վերջին տասնամյակում։ Նշվում է, որ այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին չի զեկուցվել, ինչպես պահանջում է «Ազատությանն աջակցության մասին» օրենքի 907-րդ լրացումը:
Ավելին, Հայ դատի հանձնախումբը քարոզարշավ է վարում՝ ուղղված Ադրբեջանին որևէ օգնություն տրամադրելու դադարեցմանը։ Բացի գրեթե 30 տարի առաջ ընդունված 907-րդ լրացումից, անցած տարի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ֆրենկ Փալոնեի օրինագծին, որն արգելափակում է ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին: Ըստ փաստաթղթի՝ միջազգային ռազմական կրթության և պատրաստականության ծրագրերով, ինչպես նաև արտաքին ռազմական ֆինանսավորմամբ նախատեսված միջոցներ չեն կարող տրամադրվել Ադրբեջանին։ Այդուհանդերձ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պահպանել է այդ երկրին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։
Ինչպես վերջերս հայտարարեց դեսպան Լիտցենբերգերը, երկու տարվա ընթացքում Ադրբեջանին 100 մլն դոլարի օգնություն է տրամադրվել անվտանգության ոլորտում։ Թե ինչ է թաքնված «անվտանգության ոլորտ» ձևակերպման տակ՝ կարելի է լոկ կռահել, սակայն դիվանագետը հայտնել է, թե խոսքը զենքի մասին չէ։
Վերադառնանք, սակայն, Հայաստանին և Արցախին։ Ինչո՞ւ է Սպիտակ տան վարչակազմը որոշել այդչափ կտրուկ կրճատել օգնությունն այն երկրին, որտեղ, ըստ արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ներկայացուցիչների բազմիցս արած հայտարարությունների, ինչպեսև ամեն տեսակի իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվությունների, տիրում է իսկական ժողովրդավարություն, և բոլոր բարեփոխումներն ընթանում են ինչպես կարգն է։ Ինչո՞ւ, բացահայտ և սքողված, բայց հաստատուն սատարելով Փաշինյանի ռեժիմին և գիտակցաբար անտեսելով ժողովրդավարության ու մարդու իրավունքների նորմերի բազմաթիվ կոպտագույն խախտումները, Վաշինգտոնն այդուհանդերձ մտադիր չէ ֆինանսապես աջակցել ՀՀ իշխանություններին նույնիսկ ընթացիկ տարվա մակարդակով։ Չէ՞ որ ցանկացած օտար պետությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը մեծապես արտացոլում է ամերիկյան կառավարության վերաբերմունքը տվյալ երկրի և նրա իշխանությունների նկատմամբ։
Այո, ՀՀ անկախության ողջ շրջանում, սկսած 1992 թվականից, ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական օգնությունը որոշակի չափով կախված է եղել նաև հայկական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունից։ Այս իմաստով այն փաստը, որ անցած տարի Հայ դատի հանձնախմբին հաջողվեց հասնել ի սկզբանե առաջարկվող գումարի կրկնապատկմանը, վկայում է, որ համայնքն ու լոբբիստները եթե անգամ կորցրել են իրենց ազդեցությունը, ապա լոկ չնչին չափով։ Ուստի կարելի է վստահորեն ենթադրել, որ օգնության այդպիսի էական կրճատմամբ Վաշինգտոնը ցուցաբերում է իր իրական վերաբերմունքը Փաշինյանի ռեժիմի, և հետևաբար, ցավոք, նաև Հայաստանի նկատմամբ։
Այդ փաստը վկայում է նաև ԱԳՆ-ի՝ ի դեմս ՀՀ դեսպանության և, այսպես կոչված, դեսպան Լիլիթ Մակունցի վատ աշխատանքի մասին։ Որքան էլ պրոֆեսիոնալ աշխատեն հայկական կազմակերպությունները, ԱՄՆ-ի պես երկրներում հաջողությունը նախկինում միշտ եղել է համայնքի և հայկական պետության համատեղ գործողությունների արդյունք. դա վերաբերել է, իհարկե, ոչ միայն ֆինանսական օգնության հարցերին։ Այդպես էր մինչ այն պահը, երբ Փաշինյանն ու ընկերախումբը սկսեցին հետևողականորեն ու պլանաչափ աշխատել Սփյուռքի հետ կառավարության համակարգված փոխգործակցության փլուզման, օտար երկրներում բնակվող հայրենակիցների շրջանում պառակտում մտցնելու ուղղությամբ, ինչպես նաև ամեն կերպ ձգտեցին հասնել պատմական հայրենիքի նկատմամբ Սփյուռքի հիասթափության և սառնության։
ԱՄՆ-ը այդօրինակ հակահայկական քաղաքականության դասական օրինակն է։ Արդեն բազմիցս գրել ենք, որ դեսպանի պաշտոնում ուսուցչուհու նշանակումը, որը չունի ո՛չ դիվանագիտական կրթություն, ո՛չ էլ համապատասխան գիտելիքներ ու փորձ, չէր կարող բացասական միտումների չհանգեցնել Երևանի և Վաշինգտոնի փոխհարաբերություններում։
Այն փաստը, որ անցած տարվա ամռանից լինելով դեսպան՝ Մակունցը մինչ օրս ընդունելության չի արժանացել ո՛չ Պետդեպարտամենտում, ո՛չ Սպիտակ տանը (հավատարմագրերը նա ստիպված է եղել հանձնել վիրտուալ, իբր՝ պանդեմիայի պատճառով), շատ բանի մասին է վկայում։ Եվ առաջին հերթին՝ ամերիկյան վարչակազմի աչքում երկրի հեղինակազրկման, ինչը, իհարկե, պայմանավորված է ոչ միայն պատահական մարդուն դեսպան նշանակվելու փաստով։
Երբ ինքդ քեզ չես հարգում, երբ երկրի ղեկավարությունը չի ցուցաբերում սեփական արժանապատվության ոչ մի նշույլ, քայլ առ քայլ կորցնելով ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը, իր ողջ քաղաքականությամբ ու պահվածքով արտահայտելով միայն հնազանդություն արտաքին ուժերին, ինքնանվաստացում ու ինքնանսեմացում, անհնար է հարգանք ու բարյացակամություն ակնկալել ուրիշներից։ Նման դեպքերում առաջնորդների նկատմամբ վերաբերմունքն անխուսափելիորեն անդրադառնում է պետության հանդեպ վերաբերմունքի վրա, և Վաշինգտոնի այսօրվա դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, այդ թվում ՝ ֆինանսական օգնության առումով, դրա լավագույն ապացույցն է:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա ի՞նչ ենք ակնկալում ԱՄՆ-ից՝ այն պայմաններում, երբ ՀՀ ղեկավարությունը դիտարկում է հայկական երկրորդ, թեկուզև չճանաչված պետությունը բացառապես որպես թշնամական երկրի մաս։ Ինչո՞ւ պիտի ամերիկացիներն օգնություն տրամադրեն Արցախին՝ կապակցելով Հայաստանի հետ, ինչպես դա եղել է տասնամյակներ շարունակ, եթե Հայաստանի կառավարությունն ինքը ցինիկ ու հանցավոր կերպով «կտրում է» իր կապն Արցախի հետ։
Այս համատեքստում բավական է հիշել Մակունցի առաջին հարցազրույցը դեսպանի պաշտոնում, երբ նա հայտարարեց, թե «Հայաստանը միջազգային օգնություն չի խնդրում Արցախից փախստականների հարցով, սակայն խնդրում է տնտեսական օգնություն և աջակցություն անվտանգության հարցերով՝ խաղաղության և Ադրբեջանի հետ սահմանագծման համար»: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են ։
Նույնիսկ եթե Հայ դատի հանձնախմբին և հայկական այլ կազմակերպություններին հաջողվի հասնել ՀՀ-ին հատկացվող օգնության ավելացմանը և Արցախի համար գոնե ինչ-որ խորհրդանշական գումարի, ապա դա կլինի բացառապես հայ լոբբիստների շնորհիվ։ Որոնց հետ, հիշեցնեմ, 10 ամսվա ընթացքում Մակունցը այդպես էլ չի բարեհաճել անցկացնել գոնե մեկ հանդիպում, ցուցադրաբար հրաժարվելով որևէ շփումներ ունենալ, մասնավորապես՝ Հայ դատի հանձնախմբի հետ, բացառապես Հայաստանում ՀՅԴ-ի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Եվ դրանում արտահայտված է Փաշինյանի հակահայկական ռեժիմի, նրա «դիվանագիտության» ու «դիվանագետների» թշվառությունն ու աղաղակող ողորմելիությունը՝ իր ողջ «շուքով»։