ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց

Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

Թուրքերը նույնիսկ մեր Ռուբինյանի հետ խոսեցին ամբողջ երկու անգամ, ասացին, որ նա լավ տղա է, 44-օրյա պատերազմին թուրքական մասնակցության թեման չի բարձրացնում... «Իսկ եթե չի բարձրացնում ու ընդհանրապես մեր նկատմամբ դժգոհություններ չկան, ապա ինչո՞ւ, մի հարցնող լինի, առանց նախապայմանների»,- հանկարծ մի տեսակ անսպասելիորեն մտածեցին թուրքերը։

Եվ հիմա Էրդողանն ասում է. «Առանց նախապայմանների, իհարկե, ինչի՞ մասին է խոսքը, բայց այսօր գլխավոր պայմանը հայկական զինված կազմավորումների դուրսբերումն է Արցախից։ Քանի որ հենց Հայաստանն է խախտում պայմանավորվածությունները, և հարձակվել է Ադրբեջանի վրա...»։ Դե, ու այլևայլ հերետիկոսություն։

Դա ասում է Էրդողանը։ Իսկ Չավուշօղլուն հավելում է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի արմատական քայլի չի գնա՝ առանց Բաքվի շահերը հաշվի առնելու։ Ուստի Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է ընդունել Բաքվի պայմանները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ։ Այսինքն՝ հրաժարվել Արցախից, որպես հետևանք՝ նրա բնակչության հետագա վերացմամբ։

Ահա Հայաստանի հետ հարաբերությունների այսպիսի կարգավորում առանց նախապայմանների։ Իսկ չէ՞ որ զգուշացնում էինք Փաշինյանին. թուրքերի հետ անաղարտ սեր չի լինում, նրանց հետ առանց նախապայմանների չի լինում, քթիցդ բռնած ման են տալիս նրանք քեզ, դեղնակտուց բանակցողներիդ էլ քո հետ...

Այսօր Փաշինյանի աչքերը բացվում են, ու նա ասում է, որ Արցախում հայերի զինաթափումը կհանգեցնի երկրամասից հայերի արտագաղթի, քանի որ Բաքուն չի էլ թաքցնում, որ մտադիր է ավարտին հասցնել Արցախի էթնիկ զտման քաղաքականությունը։ Այսօր նույնիսկ Փաշինյանն է ասում, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն անպայման պետք է հաշվի առնի արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերը։ Եվ այդ պատճառով վարչապետը դիմում է միջազգային հանրությանը՝ համոզելով, որ Երևանը պատրաստ է խաղաղության, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում Արցախի զինաթափման մասին, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, չնայած Ալիևի պնդումներին, թե այն այլևս չկա, իրականում կա, և ինքը՝ Ալիևն էլ ստորագրել է եռակողմ հայտարարության տակ, որտեղ խոսվում է հենց Լեռնային Ղարաբաղի մասին:

Եվ հայտարարում է մեր վարչապետը, թե մարտի 10-ին ստացած Բաքվի 5-կետանոց վերջնագրին Երևանը պատասխանել է արդեն ամսի 14-ին, ընդ որում, առավել համոզչության համար ընդգծում է Փաշինյանը, որ այդ երկու ամսաթվերի արանքում երկու օրը ոչ աշխատանքային է եղել... Ամոթ և խայտառակություն։

Բայց ինչևէ, համաշխարհային հանրությանը Փաշինյանի ուղղված հանկարծական հայտարարություններից հետևում է, որ նա մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, եթե այդտեղ չընդգրկվեն նաև արցախցիների անվտանգությանն ու իրավունքներին առնչվող հարցերը (ինքնորոշման իրավունքը նա չի հիշատակում և, առավելևս, չի ընդգծում)։ Եվ, ինչպես պարզվում է, Երևանը մտադիր չէ նպաստել Արցախի Պաշտպանության բանակի զինաթափմանը։ Այսինքն կարելի է ասել, որ Անկարայի հետ բանակցային գործընթացը շատ արագ մտավ փակուղի։ Եթե հավատանք, թե Փաշինյանը հետ չի կանգնի իր խոսքից և լիովին հասկացել է, թե ինչ հեռանկարներ ունի իր «խաղաղ օրակարգը», երբ կողքին Թուրքիան ու Ադրբեջանն են։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏ ՉԻ՞ ԿԱՆԳՆԻ ԻՐ ԽՈՍՔԻՑ։ ԾԻԾԱՂԵԼԻ ՊՆԴՈՒՄ Է, ԱՅՆՊԵՍ ՉԷ՞։ Իսկ գուցե Փաշինյանը կառավարության նիստում այդչափ հանդիսավոր կարդում էր իր տեքստը, որպեսզի հետո հայտարարի. «Դե, տեսնում եք, ես փորձեցի անել ինձանից կախված ամեն ինչ, բայց աշխարհը լռեց, ուստի «խաղաղ օրակարգն» առաջ մղելու համար մենք նորից կգնանք զիջումների, և այդժամ արդեն հաստատ, այ կտեսնեք, թե՛ Անկարան, թե՛ Բաքուն կխոսեն մեզ հետ առանց նախապայմանների, ինչպես որ միշտ հայտարարել ենք...»։

Ամսի 6-ին Փաշինյանը թռչում է Բրյուսել՝ բանակցելու Ալիևի հետ, համոզելու նրան քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը (ինքնորոշման իրավունքը նա չի հիշատակում և, առավելևս, չի ընդգծում)։ Ալիևին, որը համարում է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, այլ կան ապօրինի զինված կազմավորումներ, որոնք պետք է զինաթափվեն, իսկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն այլևս չպետք է օգտագործի Լեռնային Ղարաբաղ տերմինը իր պաշտոնական հաղորդագրություններում…

Ամսի 6-ին Փաշինյանը թռչում է Բրյուսել՝ հանդիպելու Ալիևի հետ, որը հայտարարում է, թե Բաքվի հետ պայմանագիրը՝ Ադրբեջանի պայմաններով, պետք է ստորագրվի հնարավորինս արագ։ Եթե մենք ունենք ընդդիմություն, ապա արդեն ամսի 5-ին Երևանում պետք է հանրահավաք լինի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրահավաք, որը պետք է սկսվի 5-ին, և շարունակվի մինչև հայտարարված արդյունքին հասնելը։

Դե, իսկ եթե հանրահավաք չլինի, ապա դժվար թե արժե զարմանալ, երբ Արցախում ի հայտ գան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու նպատակով հանրաքվե անցկացնելու նախաձեռնություններ։ Եթե Երևանը լվանում է ձեռքերը, ապա ոչ ոք իրավունք չունի թելադրել արցախցիներին, թե ինչպես պայքարեն սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար։

Основная тема:
Теги: