ԻԼՀԱՄԸ «ԾԱԽՈ՞ՒՄ» Է ՆԻԿՈԼԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ցանկանում էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, սակայն խաղաղ բանակցությունները փակուղի մտան 2019 թվականին՝ Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններից և գործողություններից հետո: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Ես իսկապես ուզում էի հարցը լուծել խաղաղ, այլ ոչ թե ռազմական ճանապարհով... 2019 թվականից ի վեր Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ այդ երկրում իշխանափոխությունից հետո։ 2019 թվականից Հայաստանի նոր ղեկավարության հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ Օրինակ, «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Նման հայտարարությունից հետո անիմաստ էր խոսել որևէ բանակցությունների մասին։ Բայց Հայաստանի ղեկավարությունն ավելի հեռուն գնաց, սկսեց սպառնալ մեզ նոր պատերազմով՝ նոր տարածքների համար, սպառնաց մեզ նոր օկուպացիայով...»,- ասել է Ալիևը Շուշիում՝ աշխարհի ադրբեջանցիների համագումարում։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐԸ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ԸՆԴՈՒՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Սակայն տվյալ դեպքում նա ախր չի ստում։ Իսկապես, 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Իսկապես, մինչ այդ, նույն թվականի մարտին Հայաստանի պաշտպանության նախարարը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ. «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու. «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։ Այնպես որ, հայկական իշխանության ներկայացուցիչների խոսքերի վկայակոչման արժանահավատության առումով Ալիևի նկատմամբ դժգոհություններ լինել չեն կարող։

Այլ բան է, որ Բաքուն միշտ է սպառնացել պատերազմով, մշտապես խափանել է բանակցային գործընթացը շփման գծում ռազմական սադրանքներով, միշտ էլ ագրեսիայի առիթ է փնտրել և վերջապես գտավ՝ հայկական նոր իշխանության գործողությունների և հռետորաբանության շնորհիվ։ Այո, կրկնեմ, Ալիևի այս հայտարարությունը բնավ չես համարի ազնիվ անկեղծացում։ Սակայն նրա խոսքերում կա այն հարցի շիտակ պատասխանը, որը հայ հասարակության մի մասն ապարդյուն փնտրում է արդեն մեկուկես տարի շարունակ. ով է պատասխանատու և ով է մեղավոր հազարավոր հայ զինծառայողների մահվան, հազարավոր վիրավորների, տարածքային ահռելի կորուստների համար։ Փաստորեն, Ալիևը ցուցմունքներ է տալիս, «ծախելով» Փաշինյանին։ Այն Փաշինյանին, որի իշխանությանը առ այսօր ինքնամոռաց սատարում էր։

Եվ այստեղ հիմնավորված հարց է ծագում. այդ ինչո՞ւ է Իլհամը սկսել բացահայտ «թաղել» Նիկոլին։ Ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանում Արցախի ճակատագրի վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարություններից և դրանց առնչությամբ Ստեփանակերտի արձագանքից հետո հայաստանյան իշխանության ալիևյան ընկալումներում պետք է տեղի ունենար ինչ-որ կերպափոխում։ Չէ՞ որ, ըստ էության, Արցախի իշխանություններն անջրպետվեցին պաշտոնական Երևանից, և Փաշինյանն ու իր թիմը սկզբունքորեն զրկվեցին Արցախը ներկայացնելու հնարավորությունից ու մանդատից։ Արցախի ինչ կարգավիճակի տակ էլ ստորագրի Հայաստանի իշխանությունը, Ստեփանակերտը դա չի ճանաչի։ Համենայնդեպս տվյալ փուլում ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակ։ Համապատասխանաբար, Ալիևը, դատելով ամենից, հասկանում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական փակման, Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման իրենց առաքելության մի մասն իրագործել Փաշինյանն ու իր թիմը այլևս չեն կարող։ Կրկնեմ, Ստեփանակերտն առավել քան կոնկրետ ձևով հայտարարեց, որ մտադիր չէ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, իսկ Փաշինյանը չկարողացավ համոզել կամ ճնշումով ազդել Արցախի իշխանությունների դիրքորոշման վրա։ Ըստ էության, այս հարցում Նիկոլն արդեն բնավ այնքան պետք չէ՞ Իլհամին, որքան նախկինում։ Իհարկե, կան էլի բազմաթիվ հարցեր, որոնց պարագայում Ալիևը հույսեր է կապում Հայաստանի գործող իշխանության հետ։ Բայց Արցախի մասով, ըստ էության, մավրն արել է իր գործը, իսկ ավելին անել նրան թույլ չի տալիս Ստեփանակերտը։

Հարկ է նշել, որ մոտավորապես համանման իրավիճակ է ստեղծվել Հայաստանի գործող իշխանության նաև մեկ այլ առաքելության շուրջ։ Մոսկվայի ուղեծրից երկրի դուրսբերման առումով նույնպես շոշափելի հաջողություններ չեն երևում։ Նույնիսկ հակառակը, դա իսպառ ձախողված է թվում Փաշինյանի մոսկովյան այցից և այնտեղ հայ-ռուսական հարաբերությունների խորացման նոր փուլի ազդարարումից հետո՝ «արտոնյալ դաշինք» ցուցանշական անվանումով։ Ի դեպ, ակնհայտ է, որ նման ձևակերպման առաջացման մեջ որոշակի դեր է ունեցել ադրբեջանական գործոնը։ Այս տարվա փետրվարին Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ ի դեմս Ադրբեջանի, բարձրացավ փոխհարաբերությունների նոր աստիճանի։ Բաքուն դարձավ Մոսկվայի դաշնակիցը՝ հասնելով Երևանի մակարդակին։ Սակայն մինչև ապրիլ դրա մեջ կար որոշակի անհեթեթություն։ Չէ՞ որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է Երևանի և Մոսկվայի ավելի բարձր հարաբերություններ։ Ըստ էության, «արտոնյալ դաշինքը» հենց այն ձևակերպումն է, որը հիմնավորում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների գերակայությունը՝ ռուս-ադրբեջանական փոխգործակցության համեմատ։

Ինչևէ, պարզ է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների նոր մակարդակը չի կարող նյարդայնություն չառաջացնել. ընդ որում՝ ոչ միայն Բաքվում, որը երազում է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելագույն նվազման մասին։ Պարզ է, որ Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները պետք է նյարդայնացնեն նաև Անկարային, Բրյուսելին, Վաշինգտոնին, Փարիզին ու Լոնդոնին, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման հարցում։ Մինչդեռ դրանք (դիրքերը) փաստացի ամրապնդվեցին։ Իհարկե, դա չի ավելացնում Փաշինյանի իշխանությանը վերոնշյալ մայրաքաղաքներից ցուցաբերվող աջակցությունը։ Ավելի շուտ՝ հակառակը։

Դատելով ամենից, Փաշինյանի ռեժիմը սկսում է կորցնել արտաքին նեցուկը։ Եվ Ալիևի հայտարարությունը, բացի ամենից, պետք է ընկալել նաև որպես դրա նշան։