Զաս․ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում դրական արդյունքներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Չեն դադարում զինված միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս պայմաններում իրադրության կայունացման գործում կարևոր դեր է խաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ապահովում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների պայմանների կատարումը»,-ասել է Զասը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համար լուրջ մարտահրավեր է դարձել ՌԴ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ համաշխարհային տերությունների և ռազմաքաղաքական դաշինքների ագրեսիվության կտրուկ աճը:

Նա նշել է, որ պետությունների ղեկավարների քննարկման ընթացքում նշվել է, որ անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների թիվն անշեղորեն աճում է ոչ միայն կազմակերպության պատասխանատվության գոտում, այլև ամբողջ աշխարհում:

Զասն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը կազմակերպության պատասխանատվության բոլոր գոտիներում:

Նշվել է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումը, ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման, Արևելյան Եվրոպայում օպերատիվ մարտական պատրաստության ինտենսիվ միջոցառումների փաստերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։