Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է թուրքական Hürriyet թերթը` այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Չավուշօղլուն։

«Քննարկել ենք Ուկրաինայում իրավիճակը, Հայաստանի հետ կարգավորումը, Սիրիայի և այլ տարածաշրջաններում խնդիրները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Բացի այդ, քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների օրակարգում եղած թեմաները, այդ թվում՝ պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի և սննդի անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Թուրք նախարարը նաև անդրադարձել է վերջին օրերին երկկողմ օրակարգի ակտիվ քննարկվող թեմաներին՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ բանակցություններն F-16-երի հարցով դրական են անցել, իսկ սկանդինավյան երկու երկրի անդամակցության մասին Չավուշօղլուն նշել է՝ իրենց պահանջները պետք է կատարվեն, քանի որ դա անվտանգության խնդիր է։

«Շվեդիան նույնիսկ զենք է մատակարարում (քրդական կազմակերպություններին - խմբ)։ Դրանցով մեր զինվորներն ու քաղաքացիականներն են սպանվում։ Սա անվտանգային հարց է, իսկ ՆԱՏՕ-ն անվտանգությանը վերաբերվող դաշինք է»,- հայտարարել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։