ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 20-25 ՊԱՏԵՐԱԶՄԻ՞Ն: «ՀՈԳՆԵԼ ՉԿԱ՛»

«Արտաքին ուժերը ուզում են փայ մտնել Նիկոլի կողմից հայրական տան վաճառքին»

«Արարատ Միրզոյանը Հայաստանի մայրաքաղաքում չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պատկերացնում եք, թե դրսում ինչ է խոսում… Հայ-ադրբեջանական մի քանի ձևաչափ կա այս պահին ընթացող, բայց ոչ մեկում իշխանությունը պարտադիր նախապայման չի դրել մեր գերիների վերադարձն ու մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների դուրսբերումը»,- փաստեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած աշխատանքային այցի օրերին։ Գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հաստատեց, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը շրջանցում է Հայոց ցեղասպանությունը...

«ԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԱՂԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Ընդդիմության կարևոր ձեռքբերում է հանրության մի հատվածի համախմբումը կոնկրետ ձևակերպված հարցերի շուրջ, որոնք հնչեցվեցին նաև ԱԳՆ շենքի առջև՝ Լավրովի մասնակցությամբ բանակցությունների ժամանակ», - նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա համարում է, որ ազգային օրակարգով համախմբված ուժերը պետք է ընդլայնեն պայքարի մասշտաբները։ Հասարակության այն հատվածը, որը կողմ է Արցախի պահպանմանը և դեմ՝ ստորացուցիչ խաղաղությանը, պետք է, նրա խոսքերով, իր համար վերջնականապես վճռի այն հարցը, թե ում հետևից գնալ։ Քաղաքագետը պարզաբանեց, որ աղետը կասեցնելու ռեսուրսներ ունի պետությունը, այլ ոչ թե իշխանությունը։

Իշխանությունն առաջվա պես նպատակաուղղված կերպով զբաղվում է պետության հիմքերի խարխլմամբ՝ առանցքային բոլոր ուղղություններով. ԶՈՒ փլուզում, ռազմավարական հաղորդակցությունների հանձնում, բացարձակ անտարբերություն սահմանամերձ համայնքների բնակչության նկատմամբ։ Անցած տարվանից չի լուծվել Գեղարքունիքի մարզի համայնքների ջրամատակարարման խնդիրը, որը պայմանավորված է ադրբեջանցի զավթիչների ներկայությամբ։ Զինված ուժերի առաջիկա բարեփոխման գլխավոր ուղղությունները, որոնք օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում նախանշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անմիանշանակ տարակուսանք առաջացրեցին ուսադիրավոր մարդկանց և փորձագետների միջավայրում։ Մեկնաբանելով մոտեցումները բարեփոխումների նկատմամբ, պրոֆեսիոնալները հիշեցրեցին, որ ՊՆ-ն գլխավորում է պատմության ուսուցիչը՝ զինված ուժերի համար այդ փաստից բխող բոլոր կործանարար հետևանքներով։ Գեներալ Հակոբյանն ընդգծեց, որ այդ «բարեփոխումը» բանակին գլխատելու նպատակ է հետապնդում։

Պետականության հիմքերի սասանմանը Փաշինյանը ձեռնամուխ եղավ իշխանությունը զավթելուց անմիջապես հետո։ Բանակի նպատակաուղղված ոչնչացում, բանակցային գործընթացի միտումնավոր վարկաբեկում, ինչը հանգեցրեց թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի Հանրապետության դեմ, հայրենասիրության, ազգային արժեքների, ավանդական դաստիարակության, Հայ Առաքելական Եկեղեցու և ընտանիքի ինստիտուտի պախարակում. այս ամենը այն շղթայի օղակներն են, որոնք տանում են դեպի հայկական երկու պետությունների ոչնչացման գլոբալ նպատակի իրագործում:

4 տարի անց ձևավորվել է դավաճանության քաղաքականությանը դիմադրելու ճակատ։ Խորհրդարանական ընդդիմությանը հաջողվեց հաղթահարել հասարակության անտարբերությունը և պայքարի հանել ժողովրդին, թեև 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո այդ խնդիրն անիրագործելի էր թվում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կարողացան ռեկորդային ժամանակահատվածում ընդհուպ մոտենալ «կոնսենսուս մինուս Նիկոլ» խնդրի իրականացմանը։

Համախմբումն իր գագաթնակետում է, դրան զուգահեռ բանակցություններ են ընթանում Մոսկվայի և Բրյուսելի մասնակցությամբ, որոնք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բնութագրեց հետևյալ կերպ. «Արտաքին ուժերը ուզում են փայ մտնել Նիկոլի կողմից հայրական տան վաճառքին»։ Կապիտուլյանտը վաճառում է հայերի ընդհանուր տունը՝ տարփողելով գալիք խաղաղության մասին, իսկ Ալիևն այդ ընթացքում պատրաստվում է նոր պատերազմի, որը, որոշ քաղաքագետների կանխատեսմամբ, Հայաստանի դեմ սանձազերծվելու է 2025 թվականին: ԶՈՒ «բարեփոխումը»՝ Պապիկյանի ղեկավարությամբ, հող է նախապատրաստում նոր պարտության համար

Հրապարակում պետական մտածողություն ունեցող մարդիկ են…

Հայ հասարակության մեջ ազգային շահերի համար պայքարն աստիճանաբար դուրս է գալիս առաջին պլան։ Սրանք պարզապես խոսքեր չեն, սա փաստի արձանագրում է. համախմբումն ընթանում է ամեն օր մեր աչքի առաջ։ Ֆրանսիայի հրապարակում հավաքվում է ազգային էլիտան. Արցախյան ազատամարտերի վետերաններ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ, ուսանողներ։ Հասարակության առողջ ուժերը մոբիլիզացվում են պայքարի, մինչ Նիկոլի խունտան լող է տալիս շքեղության մեջ և միլիոնների պարգևավճարներ խժռում հարկատուների գրպանից։

Հրապարակը միավորում է պետական մտածողություն ունեցող մարդկանց, իսկ դա նշանակում է, որ մոտ ժամանակներս փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների թվաքանակը կմոտենա կրիտիկական նշագծին: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Եսայանին կալանավորելու փորձը և 44-օրյա պատերազմի մասնակից, գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգորի գործով դատավարության ձգձգումը վկայում են այն մասին, որ Փաշինյանը տենդագին փնտրում է փողոցային պայքարի մասնակիցներին վախեցնելու նոր մեթոդներ։ Ռեժիմի հոգեվարքը վրա կհասնի շատ շուտով, այն կարող է արյունալի լինել, ուստի տեղին է անսալ շարժման կազմակերպիչների կոչին. «Հոգնել չկա՛»։

Հայերենում մի ամբողջ անդունդ կա «հոգնած» բառի գրական և ժարգոնային իմաստների միջև: Գրական լեզվով հոգնած է նա, ով ինչ-որ գործ է արել, ուստի հոգնել է: Նա կհանգստանա և կվերականգնի իր ուժերը։ Մինչդեռ ժարգոնային իմաստով «հոգնածը» նա է, ում համար հոգնածությունը բնական վիճակ է։ Պետք չէ խորամուխ լինել քաղաքագիտության ոլորտում հանդիպող դեբիլների զառանցալի իմաստակությունների մեջ, թե իբր՝ հայերը հին, ուստի հոգնած ժողովուրդ են, որն անկարող է պաշտպանել իր տեղը պատմության մեջ։ Այդ փտած կարծրատիպը սերմանվում է Փաշինյանի աջակիցների կողմից, որը ենթարկել է բանակցային գործընթացը վարչապետի աթոռին ամեն գնով նստած մնալու մոլի ցանկությանը։

Պայքարը ռուսահայ օլիգարխիայի կողմից ֆինանսավորվող շարժո՞ւմ է

«Ընդդիմությունը ցանկանում էր Լավրովին ցույց տալ, որ Նիկոլը վատ է պայմանավորվում, իսկ ինքը դա ավելի լավ կանի։ Ընդդիմության շարժումը ռուսահայ օլիգարխիայի կողմից ֆինանսավորվող շարժում է, որի վերջնանպատակը դեռևս մնում է անհայտ»,- այս շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

Իբրեվ ապացույց նա վկայակոչեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի այցը Ֆրանսիայի հրապարակ։ Թե ինչ կերպ է այդ այցը կապված ռուսահայ օլիգարխիայի հետ, Բաբաջանյանը չհստակեցրեց, սակայն Ֆրանսիայի հրապարակում Միհրանյանի ներկայության վերաբերյալ եզրակացությունները խիստ ուշացած են այն իմաստով, որ քաղաքագետը հրապարակում ներկա է եղել վերջին շրջանում մինչև Սայաթ-Նովայի արձան ծավալված վրանային ճամբարի ընդլայնման դեռ արշալույսին: Ի դեպ, եթե Բաբաջանյանի պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը դեռ զբաղեցնում ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը։

«Մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք ընդդիմության ամենաթողության պատճառով»,- արձանագրեց ավտոբուսային կուսակցության առաջնորդը՝ հասկացնել տալով, թե ժամանակն է արդեն, որ Փաշինյանն անցնի մայրաքաղաքի հաղորդակցության ապաշրջափակման արմատական միջոցների: Իսկ բացի այդ, Բաբաջանյանն ընդդիմությանը խորհուրդ տվեց հարց տալ Լավրովին. ինչո՞ւ է Սյունիքի բռնազավթումը սկսվել 2021 թվականի մայիսի 12-ին, այսինքն՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Բաքու կատարած այցի հաջորդ օրը։ Ի դեպ, իսկ ինչո՞ւ Բաբաջանյանն ինքը չպատասխանի այդ հարցին։ Օրինակ, ընդունի, որ Արցախի տարածքի 75%-ի բռնազավթմանը հանգեցրած պայմանավորված պատերազմից հետո եկավ Սյունիքի պայմանավորված բռնազավթման հերթը։

Երկու դեպքում էլ բռնազավթմանը խոչընդոտել է ՌԴ ԶՈՒ-ն։ Եթե Ռուսաստանը զորք չմտցներ, ապա Փաշինյանը կկատարեր Արցախի Հանրապետության 100%-ը հանձնելու պայմանավորվածությունն Ալիևի հետ, և Ստեփանակերտի վրա 2020-ի նոյեմբերի 9-ից կծածանվեր նույն դրոշը, ինչ որ Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում։ 2021թ. մայիսի 12-ից Հայաստանի տարածքում ադրբեջանական զավթիչների խորանալուն խանգարում են ռուս սահմանապահները...

Ցուցանշական է, որ հենց Լավրովի այցի օրերին երկրի ներսում որոշ քաղաքական շրջանակներ սկսեցին խոսել այն մասին, որ նոր պատերազմը, որն Ալիևը նախատեսում է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ 2025 թվականին, կարելի է կանխել միայն բանակցային գործընթացում զիջումներ անելով։ Դա նշանակում է, որ Նիկոլը կրկին հետևում է «Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում եմ» սկզբունքին։ Հարց. իսկ ո՞ւմ է դա «պետք»։ Թուրք-սորոսական 5-րդ շարասյանը, «կառուցողական տրամադրված» ու «կիրթ» Ալիևին, Շարլ Միշելին, թե՞ հայ ժողովրդին։ Հրապարակում կանգնած մարդիկ վստահ են, որ ժողովրդի թիկունքում արվող զիջումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության և Արցախի վերջնական կորստի։

Պայքարը թափ է հավաքում։ Ոչ մի շարժում անթերի չէ, բայց, համաձայնեք, պարոնայք ընթերցողներ, ընդդիմությանը կարելի էր քննադատել, եթե նա տեսախցիկների առջև կեցվածք ընդուներ խորհրդարանի նախասրահում։ Իսկ երբ մարդիկ ռեժիմի դեմ պայքարում են փողոցում՝ վտանգելով կյանքն ու առողջությունը, ապա ամեն կողմից հնչող «կառուցողական» քննադատությունից բացահայտ հալածանքի հոտ է փչում։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տա նմանվել Բաբաջանյանի կարգի պարոններին։ Դասալիքները, «սորոսաճտերը», Բաքվի և Անկարայի գործակալները՝ «Օմեգայից» մինչև «ուսապարկեր», իրենց խնդիրներն ունեն, իսկ ժողովուրդը՝ իրենը։ Արդեն ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք պատասխանի այն հարցին, թե որտե՞ղ է ինքը, բարիկադների ո՞ր կողմում: Թեպետ, ո՞ւմ եմ ես սա ասում։ Նրանք, ովքեր կարդում են այս տողերը, վաղուց արդեն կողմնորոշվել են ընտրության հարցում...