ԲՈՅԿՈՏ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ․ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Նիկոլը մտահղացել Է մամլո ասուլիս անցկացնել և տալ հերթական անպատկառ ստի, տարատեսակ հնարքների, մանիպուլյացիաների և փաստերի խեղաթյուրման վարպետության հերթական դասը։ Նիկոլին քիչ է խորհրդարանը, որտեղ արդեն երկու ամիս շարունակ իրեն հարցեր են տալիս բացառապես յուրայինները և խստիվ ըստ սցենարի. նա որոշել է դուրս գալ, այսպես ասած, «մարդամեջ»։ Միայն թե չգիտես ինչու մոռացել է, որ համավարակն ավարտվել է, և մամուլի հետ շփումը պետք է լինի առերես ու իրական ժամանակի ռեժիմով։

Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում «ՔՊ-ական հյութի մեջ եփման» այս երկու ամիսները չար կատակ են խաղացել Նիկոլի հետ. նրան ակնհայտորեն թվում է, թե նախապես սցենար կազմելու հնարքը կգործի նաև լրագրողների պարագայում, իսկ ասուլիսի շոուն կհաջողվի ճիշտ այնպես, ինչպես «կառավարական ժամը» ուսապարկերի հետ։ Քանզի Նիկոլը կրկին որոշել է անցկացնել նշյալ ասուլիսը իր համար շատ հարմար ձևաչափով. լրատվամիջոցներին առաջարկվում է նախապես ուղարկել մեկական հարց, որոնք հետո ուղիղ եթերում հնչեցնում է Առաջին ալիքի մեկնաբանը։ Նիկոլն ակնհայտորեն չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին և տեղյակ չէ հասարակական տրամադրությունների մասին, որոնք փոխվել են այն աստիճան, որ նույնիսկ իր հանդեպ չափազանց լոյալ լրատվամիջոցները, ասելն անգամ սարսափելի է, «Ազատություն» ռադիոկայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ լրագրողներին հիմարացնելու և առճակատ շփումներից ու նույնքան առճակատ, չխմբագրված և նախապես չընտրված հարցերից կրկին խուսափելու նրա ծրագրերի վերաբերյալ:

Հունիսի 25-ի երեկոյան, երբ հայտնի դարձավ մամուլի ասուլիս տալու Փաշինյանի մտադրության մասին, հայտնվեց մոտ 20 լրատվամիջոցների, այդ թվում՝ հայկական մեդիադաշտում ամենամեծ լսարանն ունեցողների հայտարարությունը։ Այդ լրատվամիջոցների (այդ թվում «Գոլոս Արմենիի»-ի) խմբագիրները հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարցեր ուղարկել Փաշինյանին։

«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»,-ասված Է հայտարարության մեջ: Խմբագիրները կոչ են արել «ժողովրդական վարչապետի»-ի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին։

Հունիսի 26-ի երեկոյան այս հայտարարության ներքո ստորագրողներն արդեն 33-ն էին: Այսինքն առնվազն այդ քանակի լրատվամիջոցներ՝ լրատվական գործակալություններ, հեռուստաալիքներ, կայքեր, թերթեր, լրատվական-վերլուծական համակայքեր և այլն, չեն ուղարկել իրենց հարցերը Նիկոլ Փաշինյանին։ Այդ կարգի և այդչափ ուժգին ապտակ նախկին գործընկերները նրան վաղուց չէին հասցրել։

Այնուհետ հայտարարությամբ հանդես եկան ևս 7 լրատվամիջոցներ, այդ թվում՝ իշխանության նկատմամբ բավական լոյալ և արևմտյան գրանտներով վաղուց գործող Սիվիլնեթը, «Ինֆոկոմը», «Մեդիալաբը» և այլն, ինչպես նաև արդեն հիշատակված «Ազատություն» ռադիոկայանը։

«Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ Արդյունքում ըստ էության սահմանափակվում է հանրության պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։ Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»,- ասվում է հայտարարության տեքստում, որի հեղինակները Փաշինյանին կոչ են արել նաև «վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային»:

Ընդհանուր առմամբ 40 ԶԼՄ-ների (հունիսի 27-ի առավոտվա դրությամբ) խմբագիրների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, վստահ եմ, որ Փաշինյանը չի վերադառնա ազատ շփման պրակտիկային, համենայնդեպս՝ քանի դեռ կառավարության ղեկավարի կարգավիճակում է։ Քանզի այդ սուբյեկտը սպառել է իր քարոզչական ողջ զինանոցը, նա սպառել է ինքն իրեն և հոգեվարքի մեջ է։ Նրա բոլոր ջանքերն այսօր ուղղված են այն բանին, որ հերթական անգամ, սովորության համաձայն, փորձի խուսավարելով ու փաստերը շուռ տալով իր բացատրությունները տալ արդիական գործընթացներին, բայց ընդ որում խուսափի առճակատ հարցերից։ Նիկոլը փախչում է իրականությունից, անմիջական, իր թիմի կողմից չխմբագրված շփումներից, կենդանի մարդկանցից, որոնք կարող են փչացնել ստի ու մանիպուլյացիաների իր հերթական տոնը, որտեղ էլ միայն վստահ է զգում իրեն, և որը թույլ է տալիս չմատնել սեփական վախերը։

Եթե անգամ Փաշինյանն այսօր կարող է համարձակվել «ազատ շփման», ապա հաստատ ոչ լրագրողների հետ, որոնց մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր իսկական «տոն» կսարքեն իր գլխին ու անկյուն կքշեն։ Սա իր համար հանգամանորեն բեմադրված թատերական շոու չէ՝ կեղծ զանգվածախմբով: Սրանք այն մարդիկ են, ում քննադատական ձայնի և մասնագիտական գործողությունների ազատության դեմ ուսապարկերը խորհրդարանում ընդունում են մի օրենքը մյուսի հետևից։ Ի դեպ, հենց ՔՊ-ական պատգամավորներն առաջինը իրենց վրա փորձեցին մամուլից ու նրա «անցանկալի» հարցերից «պաշտպանության» պրակտիկան՝ արգելելով լրագրողներին մոտենալ իրենց անձին ու իրենց աշխատասենյակներին։ Հիմա նման մի բան փորձում է անել Նիկոլը՝ չցանկանալով խոստովանել, որ իր փորձված հնարքներն ու խորամանկությունները արդեն չեն գործում։

Թերևս առաջին անգամ է լրագրողական հանրությունը նման կոշտ ու համերաշխ դիրքորոշում ցուցաբերում ոչ միայն իր օրինական իրավունքների, այլև տեղեկատվություն ստանալու հասարակության իրավունքի պաշտպանության հարցում։ Առավելևս այնպիսի տեղեկատվության, որն անմիջականորեն վերաբերում է երկրի և նրա յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանն ու ճակատագրին։ Անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, որ լրագրողները զանգվածաբար հրաժարված լինեն հարցեր տալ պետության ղեկավարին, այն էլ այսչափ բարդ, աղետալի վիճակում գտնվող պետության։ Նիկոլն այս հարցում էլ դարձավ «աննախադեպ», բայց դժվար թե տվյալ դեպքում դա նրան գոհացնում է։

Ըստ էության, այս իրավիճակը նաև յուրօրինակ լակմուսի թուղթ դարձավ լրատվամիջոցների համար. մեդիահանրության հիմնական մասին չմիացան միայն իշխանամետ ռեսուրսները, որոնք անդադար պարզունակ քարոզչություն են վարում և ստախոսության աստիճանով զիջում թերևս միայն իրենց գլխավոր շեֆին։

Ի թիվս ամենի՝ Փաշինյանը փորձում էր Հայաստանում մեդիակայսրություն ստեղծել իր պատկերով ու նմանությամբ։ «Լակմուսը» ցույց տվեց, որ այ դա իրեն ակնհայտորեն չի հաջողվել և ինքն այն աստիճան է չափն անցել, որ նույնիսկ Ազատությունն ու «սորոսական» լրատվամիջոցները ստիպված էին հանդես գալ հայտարարությամբ, որպեսզի ծայրահեղ խորշելի չդիտվեն։ Սեփական երկրում մերժյալի վերածված Փաշինյանը արդեն իսական բոյկոտի է բախվում չորրորդ իշխանության կողմից։

Այլ կերպ չես անվանի իրավիճակը, երբ առաջատար լրատվամիջոցները հրաժարվում են հարցեր ուղղել պետության ղեկավարին, և վերջինիս ստիպված է գործ ունենալ բացառապես իր և իր թիմակիցների ստեղծած մեդիաֆեյքերի հետ։