ՍԱՄՍՈՆՆ ՈՒ ԷՐԱՏՈՆ. Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԿՆՈՋ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏԻ ՄԻՋԵՎ

Ահա արդեն քանի օր շարունակ լրատվամիջոցներն ու սոցցանցերը ակտիվորեն քննարկում են Փաշինյանի կնոջ՝ Աննա-«Էրատո» Հակոբյանի լայնորեն գովազդվող այցը Լազուր ափ։ Ինչպես հունիսի 26-ին հաղորդել է վարչապետի աշխատակազմը, որը, դատելով ամենից, սպասարկում է նաև նրա կնոջը, «Հակոբյանը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ կայցելի Նիցցա, Մոնակո և Կանն, որտեղ պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի»:

Նախեվառաջ անհասկանալի է, թե ինչ կարգավիճակով է Հակոբյանը «պաշտոնական» հանդիպումներ ու քննարկումներ անցկացնում։ Ո՞վ է նրան լիազորել նման գործունեություն ծավալել և ո՞ր օրենքի հիման վրա։ Աշխարհում կա՞ մեկ այլ «վարչապետի կին», որն այցելում է Լազուր ափի ամենաթանկարժեք հանգստավայրեր (ամենայն հավանականությամբ՝ պետբյուջեի հաշվին), պաշտոնական հանդիպումներ անցկացնում և լուծում փաստորեն պետական մակարդակի ինչ-որ հարցեր:

Մենք գիտակցաբար չենք անդրադառնում հարցի բարոյական կողմին, սակայն փաստը մնում է փաստ. Հակոբյանը, որի վրա բառացիորեն խարան դնելու տեղ չկա բազմաթիվ սկանդալների և, բացի ամենից, նաև պատերազմի հետ կապված տգեղ պատմությունների պատճառով, որի սրբապիղծ արտահայտությունը՝ «Արցախում հանուն ոչնչի զոհված տղաների» մասին, դարձավ 44-օրյա պատերազմում մեր մեծ կորուստների յուրօրինակ հրեշավոր նախագուշակը, ցոփ ու շվայտ ճամփորդում է Եվրոպայում, լուսանկարվելով բրենդային հագուստներով և միտումնավոր ի ցույց դնելով իր բարեկեցությունը, չամաչելով ու վատ չզգալով այն ծայրահեղ աղետալի վիճակից, որի մեջ ընկել է երկիրը իր ամուսնյակի հանցավոր քաղաքականության արդյունքում: Բայց սա առանձին խոսակցության թեմա է։

Շեղվենք, սակայն, այն անձնավորության լպիրշ-ցուցադրական «փայլից», որի լոկ անունը տասնյակ հազարավոր մարդկանց մոտ կապակցվում է հայրենիքի կորստի ողբերգության հետ, չենք խոսում արդեն այլ, բացառապես բացասական հույզերի մասին։ Անդրադառնանք նրա այցի էությանն ու նպատակներին, որոնք հիմնականում հասկանալի դարձան ինչպես նրան ուղեկցող Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի, այնպես էլ Հակոբյանին ջերմորեն ողջունողների և Ֆրանսիայում նրա ճոխ հյուրընկալումն ապահովողների համատեքստում:

«ԳԱ»-ն բազմիցս գրել է Սինանյանի արտասահմանյան շրջագայությունների մասին, որոնք լիովին ձախողվել են աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում, որտեղ հայկական սփյուռքը դիմավորել է նրան բառացիորեն սուլոցով ու «Նիկոլ դավաճա՛ն, Զարեհ դավաճա՛ն» վանկարկումով։ Հայտնի է, որ այդ շրջագայությունների գլխավոր խնդիրը Փաշինյանի հանդեպ լոյալ և նրա «խաղաղության դարաշրջանին» ու թուրքամետ քաղաքականությանը սատարող համայնքային կազմակերպությունների ձևավորումն է հայկական խոշոր կենտրոններում, ինչպես նաև ՀՅԴ-ի հետ կապված ավանդական հայկական կառույցների ազդեցության և գործունեության զրոյացումը։ Բայց ոչ միայն։

Սինանյանի, ինչպեսև տարբեր երկրներում ՀՀ դեսպանների առջև խնդիր է դրված համոզել սփյուռքահայերին, թե պետք է կարգավորել հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ, թեկուզ Արցախը հանձնելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելու գնով: Սակայն, դատելով հանձնակատարին ուղեկցող սկանդալներից, նրա այդ խայտառակ առաքելությունն առանձնակի հաջողությամբ դեռ չի պսակվել, դրա համար էլ, հավանաբար, որոշվել է գործի դնել Էրատոյին։

Երկրորդ կարևոր հարցը. ինչո՞ւ Նիցան և Կաննը: Դրա պատասխանը ստացվեց առաջին իսկ օրը՝ լուսանկարների ու տեսանյութերի շնորհիվ, որոնք Հակոբյանը՝ ինքնագոհ ու ինքնամոռաց, շարան-շարան հրապարակում է ֆեյսբուքյան իր էջում: Քանզի նրա կողքին անմիջապես նշմարվեց Սամսոն Օզարարատը, որը վաղուց հայտնի է որպես ակտիվ թուրքական լոբբիստ։

Ծնվել է այս գունեղ կերպարը Թուրքիայի Կոնիա քաղաքում, հետո տեղափոխվել Փարիզ և այժմ Ֆրանսիայի քաղաքացի է՝ միաժամանակ բիզնես ունենալով Ստամբուլում։ Առաջին անգամ հայ հասարակությունը լսեց նրա անունը 1993 թվականին, երբ Օզարարատը Փարիզում կազմակերպեց այն ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալփարսլան Թյուրքեշի հանդիպումը։

Հիշեցնեմ, որ Թյուրքեշը թուրքական բանակի գնդապետ է, ծայրահեղ աջ ազգայնական, պանթյուրքիստ։ Ազգայնական շարժում կուսակցության և դրա երիտասարդական ռազմականացված «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիրը: Եվ այ հենց այդ գործչի հետ էր Փաշինյանի կնոջ ներկայիս յուզգյար և, հավանաբար, հովանավոր Սամսոն Օզարարատը կազմակերպել ՀՀ նախագահին հանդիպումը՝ Հայաստանի անկախության հենց արշալույսին, երբ Արցախում պատերազմի ամենաթեժ պահն էր։

Հետագայում այս պարոնն ամեն անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում, հենց որ խոսք է բացվել հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մասին։ Նա ժամանակին Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ՍԾՏՀ գործադիր կոմիտեում, որի կենտրոնակայանը, ինչպես հայտնի է, գտնվում է Ստամբուլում: 2012 թվականին ընդգրկված էր Ահմեդ Դավուդօղլուի գլխավորությամբ Երևան ժամանած թուրքական պատվիրակության կազմում։ «Օզարարատը բանագնացի դեր է խաղացել ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը գաղտնի դիվանագիտություն է նախաձեռնել Հայաստանի հետ»,-2021 թվականի ապրիլին գրել է The Mirror Spectator հայ-ամերիկյան պարբերականը՝ զգոնության կոչ անելով այդ գործարարի նկատմամբ։

2021 թվականի փետրվարին Զարեհ Սինանյանը հանդիպեց Օզարարատի հետ Նիցցա կատարած իր այցի ժամանակ, իսկ արդեն մեկ ամիս անց՝ մարտին, թուրք լոբբիստին նկատեցին Երևանում։ Ինչպես այն ժամանակ հաղորդեցին ԶԼՄ-ներն ու տելեգրամ-ալիքները, Օզարարատն ընդգրկված է թուրքական իշխանությունների մերձավոր շրջապատում և առանցքային կերպար է հայ-թուրքական «հաշտեցմանն» ուղղված ջանքերում։ Նշվեց նաև, որ «հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների վերջին հայտարարություններն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, կարելի է եզրակացնել, որ դրանք ուղեկցվում են Փաշինյան-Էրդողան հարաբերությունների մերձեցման զուգահեռ գործընթացով, որում գլխավոր դերը խաղում է Օզարարատը»։

Եվ էլի մի կարևոր հանգամանք՝ համալրելու այդ գործչի նկարագիրը։ 10 տարի առաջ Նիցցայում աղմկալի սկանդալ բարձրացավ. կրոնական համայնքը չընդունեց թեմի նոր կանոնադրությունը և չճանաչեց Էջմիածնից նշանակված հոգևոր հովվին։ Արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ տեղի հայ եկեղեցին զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» կոչումից։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ եկեղեցին իրենց ձեռքն են առել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը և Գրիգոր Աժդերխանյանը։ Նշենք, որ հոգևորական միաբանության նախաձեռնած դատավարությունն ավարտվեց հօգուտ Հայ Առաքելական Եկեղեցու։

Հիմա Աննա-Էրատո Հակոբյանին ամենուր ուղեկցում է հենց այդ մարդը՝ Սամսոն Օզարարատը։ Կարելի է չկասկածել, որ հենց նա էլ կազմակերպել և գուցե ֆինանսավորել է «գլամուրային» այցը։ Որի հետևում թաքնված են, ցավոք, բնավ ոչ թեթևամիտ-գլամուրային, այլ ամենալուրջ հակահայկական նպատակներ՝ ցայտուն արտահայտված թուրքական շահերով։