ANCA-ն մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահավաք առաքելությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ANCA-ից:

«Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ՝ անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում երեխաների և ընտանիքների կյանքի համար»,-նշել է նա:

Երիմյանը ևս մեկ անգամ հիշեցրել և ընդգծել է այն կոչերը, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի, իսկ Արցախին շտապ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել։

Նա նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բռնության ենթարկել հայ ռազմագերիներին՝ ի հակառակ հրադադարի պայմանագրի և միջազգային իրավունքով Բաքվի ստանձնած պարտավորությունների։

«Հայ դատի հանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրույց վերցրեցինք 80-ամյա կնոջից,ով գերի էր ընկել իր գյուղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին և ինքն էլ խոշտանգումների ենթարկվել»,-ասել է նա:

ANCA –ն Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրավերները, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանից նոր մանրամասներ իմացել 2020 թվականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացված 100,000 հայ փախստականների վիճակի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության առջև ծառացած ջրի ու գազի մարտահրավերները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը ավելի քան երկու տասնամյակ Արցախում փրկել են անթիվ կյանքեր: