ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԸ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՅԻ ՉՀՐԱՎԻՐԻ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՔՎՈՒՄ
Հուլիսի 5-ին՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամ Կանաչ ժամի ավերման մասին Արցախից ստացված հաղորդագրության հաջորդ օրը, Բաքվից շտապեցին պատասխան «հարված» հասցնել: Իրենց փորձագետ կոչող գործիչների խումբը նկրտումներ ներկայացրեց երևանյան հայտնի Կոնդ թաղամասի նկատմամբ և հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին հայտարարություն է ուղարկվել առ այն, թե Հայաստանում, իբր, իրականացվում է «մշակութային ցեղասպանություն ադրբեջանական ազգային-մշակութային և պատմական ժառանգության դեմ»: Նրանց ներկայացրած «հետազոտությունը» վերաբերում է «Թեփեբաշի թաղամասի ճակատագրին», որը հրամցվում է իբրև նույն այդ «ժառանգության վերջին մնացորդ»։
Թեպետ, ինչպես պարզվեց այդ աշխատության շնորհանդեսի ընթացքում, նույն այդ «Թեփեբաշին» (այդպես են Բաքվում անվանել Կոնդը), այնուամենայնիվ «վերջին մնացորդը» չէ, քանզի սույն «հետազոտողները» պահանջել են դադարել իրանական անվանել Երևանի Կապույտ մզկիթը, քանի որ այն, իբր, ադրբեջանական է: Նրանք հայտարարել են, թե Հայաստանի մայրաքաղաքում 1917 թվականին «ապրել է ընդամենը մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920 թվականներին Երևանի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին»: «Անգամ այսօր համաշխարհային հռչակ ունեցող հետազոտողներն են ծիծաղում այն բանի վրա, որ Կապույտ մզկիթն անվանում են իրանական մզկիթ»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ չնշելով, սակայն, ծիծաղող «աշխարհահռչակներից» գոնե մեկի անունը:
Նույն օրը և նույն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ըմբոշխնում էր խոշոր եղջերավոր անասուններին կերակրելու հաճույքը «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բուծման կենտրոնում», իսկ նրա կինը Ֆեյսբուքում տեղադրել էր համապատասխան տեսանյութ, որը կոչված էր, հավանաբար, գորովանք առաջացնելու դիտողների սրտում՝ հայոց պետության առավել քան խաղաղ, անխռով ու բարօրի առօրյայի պատկերով: Ճիշտ է, առանձնակի չարասիրտ օգտատերերն անմիջապես հիշեցին համանման դրվագը Ալիևի ու իր կնոջ մասնակցությամբ, որոնք նույնպես ոչ այնքան վաղուց ցուցադրաբար եղջերուներ էին կերակրում։ Իսկ բացի այդ, նույն չար լեզուները հարց են տալիս. այդ ինչո՞ւ է Փաշինյանը նկարվում հենց տվյալ, թեկուզև ազնիվ, բայց ոնց էլ շրջես՝ շքեղ եղջյուրներով օժտված կենդանիներով շրջապատված, մի՞թե ակնարկում է իր կողակցուհու Ֆրանսիա և Մոնակո կատարած այցի մասին։
Իսկ այ Նիկոլի մերձավոր թիմակից Միրզոյանը, որը հորջորջվում է «ՀՀ ԱԳՆ ղեկավար», ստիպված էր հուլիսի 5-ին՝ հանգստյան օրով քրտնաջան աշխատել։ Խեղճը այցով մեկնել էր Իսպանիա և այնտեղ ջերմեռանդ պատմում էր այն մասին, թե ինչպես են Փաշինյանի հետ իրենց ջանքերի շնորհիվ տարածաշրջանում շուտով տիրելու խաղաղությունը, բարեկամությունն ու բարեկեցությունը։ Եվ չնայած «Արաբատը» պարկեշտության համար փոքր-ինչ նախատեց իրենց բաքվեցի հանցակիցներին, այդուհանդերձ մի բառ անգամ չասաց բռնազավթված Շուշիում տաճարի ավերման վերաբերյալ նախօրեին ստացված հաղորդագրության մասին։
Առհասարակ Արցախի գրավյալ տարածքների մասին, ինչպեսև ընդհանրապես 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած բազմաթիվ ծանր ռազմական ոճիրների, ՀՀ դե ֆակտո իշխանություններն ակնհայտորեն նախընտրում են ոչ մի տեղ չհիշատակել, ասես ոչինչ չի պատահել ընդամենը մեկ տարի և 9 ամիս առաջ։ Փոխարենը իրենց երևակայության մեջ գալիք «խաղաղության դարաշրջանի» մասին շեփորում են ամենայն եռանդով, իրենք իրենց հռչակելով բաղձալի դարաշրջանի գլխավոր արարիչներ, որն իբր պետք է գա՝ հայկական հողերի անվերջանալի զիջումների և շահերի գնով։
Վերադառնանք, սակայն, Կոնդին։ Հայաստանի տարածքի, այդ թվում Երևանի նկատմամբ նկրտումները Բաքվից հնչում են, իհարկե, շատ վաղուց։ Ինքը՝ Իլհամ Ալիևն առաջին անգամ հնչեցրել է դրանք, եթե չենք սխալվում, 10-12 տարի առաջ, և այդ ժամանակից ի վեր չի դադարում կրկնել։ Խնդիրն այն է, որ եթե մինչև 2018-ի գարուն այդ հայտարարությունները ստանում էին Երևանի կոշտ ու հիմնավորված պատասխանը՝ ԱԳՆ-ի, Մշակույթի նախարարության, ԱԺ պատգամավորների և փորձագետների մակարդակով, ապա այսօր նշյալ բոլոր կառույցները լռում են, իսկ փորձագիտական շրջանակները, եթե անգամ պատասխանում են, ապա բացառապես հասարակական մակարդակով։ Քանզի դեռևս իբրև թե գոյություն ունեցող պրոֆիլային կառույցը՝ ՀՀ վարչապետին առընթեր հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, արդեն դադարել է տեղեկատվական և քարոզչական որևէ գործունեություն ծավալել, մասնավորապես, թուրք-ադրբեջանական ուղղությամբ։
Ինչ վերաբերում է պաշտոնական շրջանակներին, ապա Հայաստանի և՛ կառավարական, և՛ խորհրդարանական կառույցները վաղուց հարկ չեն համարում ինչ-որ կերպ արձագանքել Ադրբեջանի բացահայտ սադրիչ հայտարարություններին։ Եվ եթե նախկինում դա ձևականորեն պատճառաբանվում էր նրանով, թե՝ ինչո՞ւ պատասխանել զառանցանքներին, ապա այսօր ոչ ոք մտադիր էլ չէ այդ կարգի հարցեր տալ։ Ազգային և պետական շահերի պաշտպանության նշաձողը բոլոր ոլորտներում այն աստիճան է իջեցվել, որ այն լրագրողի վրա, ում մտքով կանցնի նման հարց ուղղել, ասենք, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կամ մշակույթի (և մնացյալ ամենի) նախարար Վահրամ Դումանյանին, կնայեն որպես կիսախելագարի։
Այո, այո, հենց այդպես. խելապակաս կհամարեն ոչ թե իշխանության նշյալ ներկայացուցիչներին, որոնք պարտավոր են ներկայացնել և պաշտպանել ազգային-պետական շահերը, այլ նրան, ով կհարցնի այդ մարդկանց, թե ինչու չեն կատարում իրենց այդ անմիջական պարտականությունները։ Այսպիսիք են փաշինյանական Հայաստանի իրողությունները։ Եվ պետք է ասել, որ Բաքվում օգտվում են դրանից լիակատար չափով, շատ լավ հասկանալով. բազմիցս կրկնվող և ընդդիմախոսի կողմից չհերքվող հիմարություններն ու բարբաջանքը որոշ ժամանակ անց աշխարհում կսկսեն ընկալվել որպես ճշմարտություն, քանզի հակառակը ոչ մի կերպ և ոչ մեկի կողմից չի հնչեցվում։
Մինչդեռ այս օրերին սոցցանցերի հայկական հատվածի օգտատերերը հիշեցին և տարածեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի 2021 թվականի մարտին հրապարակած գրառումը, որն առավել քան պատեհ հնչեց Կոնդի նկատմամբ նկրտումների պարագայում:
Ներկայացնենք տեքստն ամբողջությամբ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՔՈՒ». հատուկ էքսկուրսիաներ Ադրբեջանի ղեկավարների համար Բաքու քաղաքի հայկական վայրերում:
Baku.am նախաձեռնող խումբը Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցների համար հաճույքով կկազմակերպի զբոսաշրջային հնգօրյա փաթեթ՝ «Հայկական Բաքու» անվանումով։ Տուրերը կկազմակերպվեն անվճար։ Այս բարեգործական ակցիայի նպատակն է՝ ծանոթացնել Ադրբեջանի հանրապետության ղեկավարներին հայերի պատմական անցյալին և ժառանգությանը ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքում:
Տուրերը կկազմակերպվեն հետևյալ երթուղիներով։
ՕՐ ԱՌԱՋԻՆ. ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ։
Շրջագայություն քաղաքի հայկական սրբավայրերով։ Այցելություն Բաքվի ամենահին կրոնական կառույցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու ձևափոխված շենք Աղջկա աշտարակի մոտ, Պարապետի վրա գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, քայլարշավ դեպի Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի գտնվելու վայրը (Բաքվի կոնսերվատորիայի տեղում)։
Ճաշ՝ այն շենքում, որտեղ տեղակայված է եղել Բաքվի հայ բարեգործական ընկերությունը։
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։
Այցելություն Մայիլյան եղբայրների թատրոն (այժմ Օպերայի և բալետի պետական թատրոն), քայլարշավ դեպի Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիա (Քաղաքային հանրային ժողովի նախկին շենքը): Թեյախմություն այն շենքում, որտեղ հրատարակվել է Բաքու քաղաքի առաջին հայկական թերթը:
Ընթրիք Հեյդար Ալիևի անվան պալատում (ճարտարապետներ՝ Ռ.Թորոսյան, Մ.Թովմասյան, Ա.Ահարոնյան, Ա.Ավանեսյան)։
ՕՐ ԵՐՐՈՐԴ. ԲԱՔՎԻ ՆԱՎԹԻ ՀԱՅ ՄԱԳՆԱՏՆԵՐԸ։
Այս հետաքրքիր շրջագայությունը սկսվում է Սև քաղաքից, որտեղ ժամանակին եղել են Ա.Մանթաշյանի, Եսայի Պիտոևի, Ստեփան Լիանոզովի, Տեր-Միքելովի, Տեր-Ղուկասովի և այլոց հանքերը։ Նավթարդյունաբերողներ Ներսես Կրասիլնիկովի և Լազար Մայիլովի տները նախկին Վորոնցովի փողոցում, Ղուկասովի և Մելիքով եղբայրների տները:
Ճաշկերույթ՝ հայազգի միլիոնատեր Պողոս Ղուկասովի առանձնատանը:
ՕՐ ՉՈՐՐՈՐԴ. ԲԱՔՎԻ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ։
Շրջագայությունը ներառում է հետաքրքիր զբոսանք քաղաքի կենտրոնում, ծանոթացում Աննա Օլթեցյանի նախագծով կառուցված շենքերին և Վարդան Սարկիսովի տարբերակով վերակառուցված Բաքվի ամրոցին։
Լանչ՝ Աղջկա աշտարակի մոտ Միսակ Տեր-Գրիգորյանի նախագծով կառուցված շենքում։
Զբոսանք Բաքվի ճեմուղիում (ճարտարապետ՝ Միսակ Տեր-Գրիգորյան):
Բաքվի քաղաքապետարանը հաջորդ երթուղու սկիզբն է՝ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի հետքերով։ Քաղաքապետարանի շենքը կառուցվել է հենց նրա նախագծով։ Ընթրիք՝ նախկին կոմերցիոն ուսումնարանի շենքում (ճարտարապետ Տեր-Միքելով)։ Այնուհետ ծանոթացում հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով կառուցված շենքերին։
ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԲԱՔՈՒ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԻ ՀԱՅԵՐԸ։
Ավտոբուսային տուր այն վայրերում, որտեղ ծնվել են բաքվեցի անվանի հայերը։
Այս էքսկուրսիաների շրջանակներում կկազմակերպվի ժամանակավոր ցուցահանդես՝ «Բաքու քաղաքի հայկական գիրքն ու մամուլը» խորագրով, որտեղ ներկայացված կլինեն մինչև 1917թ.այստեղ հրատարակված ավելի քան 300 հայերեն գրքեր և թերթեր:
Այս տուրերի կազմակերպման համար անհրաժեշտ է Ադրբեջանի նախագահի համաձայնությունը և հրավերն արևաշատ Բաքու։ Սպասո՛ւմ ենք»։
Կարծում ենք, Փաշինյանը միանգամայն կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ և հրավիրել Ալիևին ծանոթանալու հայկական Բաքվին։ Դրանով Նիկոլը ոչ միայն ինքը վերջապես կծանոթանա այդ քաղաքի հայկական ահռելի ժառանգությանը և ոչ միայն կկատարի Մեհրիբան Ալիևայի հետ թեյ խմելու իր Էրատոյի երազանքը, այլև առավելագույնս կմոտեցնի «խաղաղության դարաշրջանը». չէ՞ որ ողջ աշխարհն ուղղակի երազում է երկու երկրների ղեկավարների անձնական մտերիմ շփումների մասին։
Իսկ գլխավորը. այդպիսի տուրը վերջնականապես կհարվածի Բաքվի բոլոր «հետազոտողների» ուղեղին ու ու կփակի այդ մարդկանց բերանը, որոնք չեն դադարում զառանցանքներ շատրվանել Երևանի, Կոնդի և «ադրբեջանական ժողովրդի ազգային-մշակութային ու պատմական ժառանգության» թեմայով։