ԵԹԵ ԴԱԴՐՅԱՆԸ ԻՄԱՆԱՐ, ԱՊԱ ԴԺՎԱՐ ԹԵ ՑԱՆԿԱՆԱՐ ԹԱՂՎԱԾ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության խորապատկերին մի տեսակ աննկատ անցավ այն, ինչը սովորական պայմաններում զայրալից մեկնաբանությունների տարափ կառաջացներ սոցցանցերում և ընդհանրապես հասարակության մեջ։ Խոսքը հայտնի թուրք գիտնական պատմաբան Թաներ Աքչամի ֆեյսբուքյան գրառման մասին է։ Հիշեցնեմ, որ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք առաջին ակադեմիկոսներից է, հետազոտող և Ցեղասպանության թեմայով մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ։ 1976 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն փախել է, տեղափոխվել Գերմանիա, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ Ներկայումս Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր է։
ԱՀԱ ԳՐԱՌՈՒՄԸ, ՈՐ ԱՔՉԱՄՆ ԱՐԵԼ Է ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ:
«Մեծ ցնցում ու վիշտ ապրելով ՝ տեղադրում եմ իմ թանկագին պրոֆեսոր Վահագն Դադրյանի շիրիմի մի քանի լուսանկարներ։
Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինին հաջողվել է պարզել, որ Դադրյանի գերեզմանը Երևանում, որտեղ նա հուղարկավորվել է 2019-ին, անխնամ է և պատված մոլախոտով։ Ավելին. գերեզմանի վրա վահանակ չկա անվան նշումով։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը:
Դադրյանը արժանի չէ նման վերաբերմունքի։
Մինչ օտարերկրյա բազմաթիվ պաշտոնյաներ պատվավոր հիշատակման են արժանացել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին, անընդունելի և չափազանց ամոթ է, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից հետազոտության հիմնադրի գերեզմանը մնացել է անբարեկարգ ու մոռացված, նույնիսկ առանց հուշատախտակի։
Չգիտեմ, թե հատկապես ով է պատասխանատու Դադրյանի հուղարկավորության և շիրմաքարի տեղադրման համար: Ամեն դեպքում վստահ եմ, բոլորը կհամաձայնեն, որ սա ահավոր խայտառակություն է և անընդունելի վերաբերմունք։
Հուսով եմ, որ պատասխանու անձինք անհապաղ միջոցներ կձեռնարկեն, և Դադրյանին վայել կերպով կբարեկարգեն նրա շիրիմը։ Միմյանց մեղադրելու փոխարեն՝ պետք է համատեղ ջանքերով անել ամեն անհրաժեշտը»։
Հիշեցնեմ, որ Վահագն Դադրյանը աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր ցեղասպանագետներից մեկն է։ Երկար տարիներ աշխատել է Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն: Պատմության և սոցիոլոգիայի վերաբերյալ նրա աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Նա Հոլոքոստի և Ցեղասպանության 50 առանցքային հետազոտողներից մեկն է։ 2009 թվականին Վահագն Դադրյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գիտական նշանակալի ավանդի համար»:
Գիտնականը մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ 93 տարեկան հասակում։ Այդ ժամանակ որոշում կայացվեց ԱՄՆ-ից տեղափոխել և Հայրենիքում հողին հանձնել նրա աճյունը։ Հայաստանի ԱԳՆ-ը, որն այն ժամանակ դեռ ձևանում էր ազգային-պետական հաստատություն, ամպագոռգոռ հայտարարեց. «Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն»:
Այսօր, ուղիղ 3 տարի անց, թուրք պատմաբանը տեղեկացնում է մեզ Հայկական հարցի և Ցեղասպանության ուսումնասիրության գործում մեծ ավանդ ունեցող մարդու, համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականի գերեզմանի անմխիթար վիճակի մասին:
Ո՞վ է պատասխանատու գերեզմանի բարեկարգման և արժանի պահպանման համար. ԱԳՆ-ը, Գիտությունների ակադեմիան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ նրա ընտանիքի անդամներն ու ժառանգները: Ինչպեսև Թաներ Աքչամը՝ մենք նույնպես չունենք այդ հարցի պատասխանը։ Բայց ամեն դեպքում մի բան պարզ է. պետությունը չպետք է անմասն մնար այդ հարցում և չպետք է թույլ տար, որ գերեզմանն այդքան անխնամ ու բարձիթողի վիճակում լինի։
Ցավոք, մեզ համար դժվար է կիսել Աքչամի լավատեսությունն այն առնչությամբ, թե իր ֆեյսբուքյան գրառումը կստիպի «պատասխանատու անձանց» հիշել Դադրյանի հանդեպ ունեցած մեր ընդհանուր պարտքի մասին։ Այն մասին, որ Հայաստան տեղափոխման կազմակերպմամբ և հուղարկավորությամբ այդ պարտքը չի ավարտվում, և շիրիմի նկատմամբ նման վերաբերմունքը իսկապես ազգային և պետական խայտառակություն է։ Այդպես կլիներ, եթե Հայաստանում իսկապես ազգային իշխանություն լիներ, որն ունակ է ամոթ ու խղճի խայթ զգալ։ Ընդ որում նաև այն բանի համար, որ թուրք պրոֆեսորն է ամոթանք տալիս մեզ ականավոր հայրենակցի հիշատակի հանդեպ վերաբերմունքի համար։
Խնդիրն այն է, որ հաշվի առնելով Փաշինյան հանցախմբի քաղաքականությունը առհասարակ Ցեղասպանության հարցում, միանգամայն հնարավոր է թվում նման վերաբերմունքի միտումնավորությունը։ Կազմակերպեցին հերթական ինքնագովազդը, բերեցին, թաղեցին ու մոռացան։ Իրոք որ, ո՞վ է նրանց համար Դադրյանը, որ դեռ գերեզմանի մասին էլ հոգ տանեն։ Ցեղասպանության հետազոտող, որի մասին տերերի հրահանգով պետք է մոռանալ։ Ուրեմն ինչո՞ւ պիտի իշխանությունները բարեկարգեն գերեզմանը, գոնե շիրմաքար տեղադրելով ու մաքրելով մոլախոտից։
Չկասկածեք, որ թուրք գիտնական Աքչամի սիրտը շատ ավելի է ցավում իր հայ գործընկերոջ գերեզմանի վիճակի և նրա հիշատակի համար, քան թուրքի հաճկատար երիտհայերինը։ Ինչպես գրել է նույն Ֆեյսբուքի օգտատերերից մեկը, Եթե Վահագն Դադրյանն իմանար, որ իր աճյունը Հայաստանում նման վերաբերմունքի է արժանանալու, ապա դժվար թե ցանկանար թաղված լինել Հայրենիքում։
Եվ սա նույպես փաշինյանական Հայաստանի դեմքն է…