ՄԻՊ-ը` Լաչինում տեղի ունեցածի մասին

ՀՀ ՄԻՊ–ը փաստագրել և երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ մոնիթորինգային մարմիններին ու հատուկ մանդատակիրներին է ներկայացրել երեկ ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում։

Հայտնել ենք, որ հունվարի 17-ին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ Ստեփանակերտ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, նրանց ենթարկել հոգեբանական բռնության, մեքենայում իրարանցում է առաջացել, երեխաներից մեկն ուշաթափվել է։

«Դեպքն ունի մի շարք յուրահատկություններ։ Իրենց ընտանիքի հետ միավորվող երեխաներն արդեն մեկ ամսից ավել կրել են հոգեբանական տառապանքներ՝ բաժանված լինելով իրենց ծնողներից ու հարազատներից, զրկված լինելով կրթության ու զարգացման համար բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքներից։ Այս ընթացքում կրել են հանրային ավելորդ հետաքրքրասիրության հետևանքները, հոգեբանական տառապանքներ են ունեցել Արցախում բնակվող իրենց ընտանիքների անվտանգության համար»,– գրել է նա։

Ըստ Քրիստինե Գրիգորյանի` երեկվա դեպքը, որի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց է եղել, էթնիկ ատելության հիմքով հայ երեխաների կանխամտածված թիրախավորման փաստ է։ Այն ոտնահարում է կոնֆլիկտային ու ճգնաժամային իրավիճակներում առանց խտրականության երեխայի լավագույն շահի ապահովման միջազգային հիմնարար սկզբունքներն ու նորմերը։

Նա հավելել է, որ նշված դեպքով ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող կեղծ ակտիվիստների գործողությունը լիովին տեղավորվում են Արցախում սարսափի ու ֆիզիկական անձեռնմխելիության անմիջական վտանգի միջավայր ստեղծելու` ադրբեջանական պետական քաղաքականության մեջ։

Sputnik Արմենիա