Ադրբեջանը որոշել է Հայաստանից փոխհատուցում պահանջել «շրջակա միջավայրի ոչնչացման համար»
Ադրբեջանում երկար մտորումներից հետո որոշել են Հայաստանից փոխհատուցում պահանջել «շրջակա միջավայրի ոչնչացման համար»։
«2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը նախաձեռնել է «Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանության մասին» առաջին միջպետական արբիտրաժային գործընթացը՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ին։
«Ինչպես նշվում է, այս պատմական արբիտրաժային գործի նպատակն է Հայաստանին պատասխանատվության ենթարկել շուրջ 30 տարի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար: Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանին՝ օկուպացիայի ժամանակ աշխարհի ամենահարուստ և կենսաբազմազան էկոհամակարգերից մեկի ոչնչացման համար։ Արբիտրաժային գործընթացի շրջանակներում Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերջ դնել Բեռնի Կոնվենցիայի բոլոր շարունակվող խախտումներին և Ադրբեջանին լիարժեք փոխհատուցում վճարել օկուպացիայի տակ գտնվող տարածքների շրջակա միջավայրի ոչնչացման համար»,-նշում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ իբր բնության պահպանության համար պայքարող Ադրբեջանը միայն 2020թ. իր իսկ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ժամանակ կիրառել է արգելված զինատեսակներ, այդ թվում ֆոսֆորային զինամթերք, ինչով վնաս է հասցրել ոչ միայն մարդկությանը, այլև էկոլոգիային՝ այրելով անտառները և աղտոտելով գետերը։
News.am