Վրաստանում նախկին զինծառայողը կրակ է բացել անցորդների վրա. կան զոհեր

Վրաստանում տղամարդն իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 5 մարդ Է մահացել, հաղորդում Է Sputnik Գրուզիան: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում` Կախեթի շրջանում։

Աղբյուրի համաձայն` 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց վրա, իսկ ավելի ուշ նաև ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնց դեպքի վայր էին կանչել։ Այնուհետև հրաձիգն ինքնասպանություն է գործել։

Երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով` զոհերից մեկը գերատեսչության աշխատակից է։

Մտնելով տարածք իրավապահները տեսել են մահճակալին պառկած տղամարդուն, կողքին զենք։ Նախարարը նշել է, որ այնտեղ նաև նռնակի օղակներ են եղել։

Միջադեպի ժամանակ տանը եղել է նաև հանցագործի որդին, որը հեռացել է բնակարանից, երբ հայրը կրակ է բացել։ Ավելի ուշ նա ուժայիններին հայտնել է, որ հոր արարքի պատճառը հայտնի չէ։

Հանցագործության համար մեղադրվողը նախկին զինվորական էր` նա ծառայել է Վրաստանի պաշտպանության ուժերում մինչև 2021 թվականը։

Sputnik Արմենիա