Ալեքսանդր Իսկանդարյան․ Էսկալացիա պետք է սպասել

Ինչ-որ ձևով, տարբեր տեսակներով էսկալացիա պետք է սպասել, բայց լայնամասշտաբ պատերազմ դեռ չի լինի։ Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա դա կապեց նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահներ են կանգնած։

«Եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա պետք է սպանել ոչ միայն հայերին, այլև ռուսներին։ Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, նույնիսկ եթե այդքան էլ չի ցանկանում։ Հենց դա հասկանալով՝ Ալիևը չի դիմում այդ քայլին։ Դա է մշտական ճնշումների պատճառը»,-պարզաբանեց փորձագետը։

Նա վստահ է, որ Ադրբեջանը ճնշելու է Հայաստանին և ԼՂՀ-ին բոլոր հնարավոր, իրեն հասանելի միջոցներով։

«Դա կլինի դիսկուրսիվ ճնշում՝ հայտարարությունների տեսքով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա և այլն, դիվանագիտական ճնշում տարբեր երրորդ երկրների միջոցով՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի միջոցով և այլն։ Բացի այդ, հնարավոր են նաև էսկալացիաներ նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցածի նմանությամբ։ Դրանք կլինեն նաև ճնշման տարբեր ձևեր՝ լույսի, գազի անջատումների տեսքով և այլն։ Դա շարունակվելու է»,-եզրափակեց Իսկանդարյանը։