Ե՞ՐԲ ԵՆՔ ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ելակային» բարեփոխումների հետևանքները

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուններն ու հրդեհը 16 մարդու կյանք խլեցին, զոհվածներից մեկի մարմին այդպես էլ չգտան։ Հունվարի 19-ին Ազատ գյուղում բռնկված հրդեհը ժամկետային 15 զինծառայողի կյանք խլեց:

Այս իրադարձությունների միջեվ սեպտեմբերի 13-14-ի հարյուրավոր զոհերն են՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով, կնոջ և երկու երեխաների հրեշավոր սպանությունը Պեմզաշենում, 9 ամսական երեխայի հայտնաբերված մարմինը և առանձնակի դաժանությամբ գործած այլ սպանություններ։ 90-ականներին դեպք պատահեց, երբ մարտի 1-ին մեկուսարաններից մեկում հրդեհ բռնկվեց, զոհվեցին (շնչահեղձ եղան) երեք դատապարտյալներ։ Հասարակությունն ու ղեկավարությունը այն աստիճան ցնցված էին, որ տեղեկատվությունը մոսկովյան ՌՏՌ հեռուստաալիքին փոխանցած լրագրողին կանչեցին իրավասու մարմիններ՝ բարձր տոնով խոսելու համար։

Ինչպե՞ս պատահեց, որ 21-րդ դարում ժամկետային զինծառայողներին պահում են ճաղավոր պատուհաններով բանտային պայմաններում։ 15 մարդու մահը ռեժիմի ղեկավարի խղճին է, որը զինվորներին ելակ էր խոստանում որպես աղանդեր: Բանտակերպ զորանոցը պատմության ուսուցիչ նախարարի ղեկավարությամբ զինված ուժերի «ելակային» բարեփոխման ամենաակնհայտ արդյունքն է։

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի զոհերի մասին խոսեցին երեք օրից ոչ ավելի, Տիգրան Ավինյանը ողբերգությունն օգտագործեց նախընտրական քարոզչություն սկսելու համար։ Սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի մասին խոսեցին մեկ շաբաթից ոչ ավելի, զոհված Շիրազի աճյունի մասին, որը հայկական կողմը մինչ օրս չի կարողանում դուրս բերել զոհվելու վայրից, որպեսզի փոխանցի հարազատներին, լրատվամիջոցները հիշում են առիթից առիթ։ Այդ հարցը Փաշինյանին ուղղեցին հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, աճյուններն առաջվա պես այնտեղ են, որտեղ եղել են սեպտեմբերի 13-14-ից հետո։ Զավթիչները գնդակոծում են տեղանքը՝ հնարավորություն չտալով դուրս բերել զոհվածների մարմինները, իսկ իշխող ռեժիմը չի կարողանում պայմանավորվել. Փաշինյանը կլանված է «խաղաղ օրակարգով»…

Հայ հասարակությունը՝ սևերի և սպիտակների բաժանվելուց հետո

Գյումրիում տեղի ունեցած արյունալի ողբերգությունից հետո (2015թ. հունվարին զինվոր Վալերի Պերմյակովը սպանեց յոթ հոգուց բաղկացած հայ ընտանիքին, վերջինը հիվանդանոցում մահացավ ծծկեր երեխան) ողջ երկիրն ամեն օր աղոթում էր և շունչը պահած լուրերի սպասում ընտանիքի ողջ մնացած միակ անդամի մասին։ Ողջ երկրում հետաձգվում էին հարսանիքներն ու մկրտությունները, կար ընդհանուր մեծ դժբախտության զգացողությունը։

ՀԵՏՈ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՑԱՎ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ Դա տեղի ունեցավ, երբ ժողովրդին բաժանեցին սպիտակների ու սևերի, հետո վերածեցին մեկ օրվա, տեղեկատվական մեկ հոսքի հասարակության։

Հայ հասարակությունն ապրում է ներկա օրով՝ չիմանալով կամ չցանկանալով իմանալ, թե ինչ է լինելու վաղը։ Իշխանությունները նույնիսկ եռօրյա սուգ չհայտարարեցին զոհված զինվորների հիշատակին, հեռուստաալիքները զվարճալի շոուներ են ցուցադրում, ուրախ երաժշտություն է հնչում, հունվարի 21-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էր հավաքվել ընդամենը մի քանի տասնյակ մարդ…

Մենք դադարել ենք կիսել մեր հայրենակիցների վիշտը, վերածվել ենք խոսնակ Ալեն Սիմոնյանի կենդանի պատճենների, որն անկեղծության պոռթկումով (անտեղյակ, որ զրույցը ձայնագրվում է) խոստովանեց, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերն իր համար գոյություն չունեն։ Իսկ բացի այդ, իր ներկայիս վիճակով հայ հասարակությունը նմանվել է համավարակի ժամանակների առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, երբ վերադառնալով Հարավային Կորեայից, որտեղ մոլեգնում էր վիրուսը, նա ասուլիսի ժամանակ կատակեց, որ վարակելու է լրագրողներին, և հրաժարվեց տեստ հանձնել։ Որևէ մեկը հաշվե՞լ է, թե քանի կյանք խլեց Նիկոլի արտահայտությունը «կորոնավիրուսը պինցետով բռնելու ու արաղի բաժակի մեջ խեղդելու» մասին։

Համբերության բաժակը վաղուց լցվել է…

Այդ մարդիկ ծաղրում էին ժողովրդի գլխավերևում կախված մահացու վտանգը, երբ նրանց ամեն կողմից գոռում էին կանխիչ միջոցառումների անհրաժեշտության մասին, քանզի համավարակն արդեն ահռելի քայլերով շրջում էր մոլորակով մեկ:

Ռեժիմի առաջին դեմքերի մաքառող տգիտությունը սպանում է ամեն օր, ժամանակն է վերջապես հասկանալ, որ հրդեհներ տեղի են ունենում ամենուր, բայց զինվորներին բանտային պայմաններում պահելն անթույլատրելի է: 15 զինվորների զոհվելուց հետո ռեժիմի առաջնորդը պարտավոր էր հրաժարական տալ։

Ավելի վաղ ծայրահեղ ցինիզմի պոռթկումով Նիկոլը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կարող էր փրկել, բայց չի փրկել 44-օրյա պատերազմում զոհվածներին, քանզի այդ դեպքում իրեն դավաճան կհամարեին։ «Սուրմալու»-ի նկուղները պիտանի չէին պայթուցիկ նյութեր պահելու համար, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանը պիտանի չէր օգտագործվելու որպես զորանոց։ Փաշինյանը հունվարի 19-ին ճառ արտասանեց հակահրդեհային միջոցառումների պարտադիր պահպանման մասին, և բոլորը վերադարձան իրենց գործերին։

Այն մասին, որ արցախցի հայրենակիցներին շրջափակման պատճառով ֆիզիկական հյուծում է սպառնում, հայ հասարակությունը հիշում է միայն լրատվական թողարկումների ժամանակ, փոխարենը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը առաջին իսկ հնարավորության դեպքում հայտարարեց մարտ ամսին Անթալիա այցելելու պատրաստակամության մասին՝ համաժողովի մասնակցելու համար։ Կա՛մ Միրզոյանը հավատացել է շրջափակման շուտափույթ վերացման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, կա՛մ թքած ունի 120 հազար հայրենակիցների վրա։ Իսկապես, մի՞թե Անթալիա այցելելու համար կարող են որևէ «խոչընդոտներ» լինել. դա էլ հո Մոսկվան չէ, որ չգնան բանակցությունների։ Մեր վայ-բանակցողների «բանիմացությունն» այնպիսի քարանձավային մակարդակի վրա է, որ նրանք չեն գնում ճակատագրական հարցերի շուրջ բանակցելու՝ ճնշումից խուսափելու համար։ Եվ հետո, նույն քարանձավային թերամտության պատճառով, բացահայտ խոստովանում են դա։ Բայց Անթալիան բոլորովին այլ բան է, մանավանդ Միրզոյանի համար։

Մեր երեսին նայելով ստում են անվտանգության ինչ-որ ինդեքսների մասին, երբ Երևանում կրակում են ամեն օր, գրեթե ամեն շաբաթ կան քրեական հաշվեպարզումներում սպանվածներ ու վիրավորներ։ «Գոլոս»-ը մեկ անգամ չէ, որ կոնկրետ օրինակներով ապացուցել է, որ պետական կյանքի ոչ մի ոլորտում Փաշինյանի ռեժիմը որևէ բարեփոխում չի կատարել՝ իր կադրերի ծայրահեղ անիրազեկության պատճառով։ Ինչո՞ւ է հայ հասարակությունը, հետևելով իշխող վերնախավի կամայականություններին, իրեն այնպես պահում, ասես դատապարտված է զոհաբերվելու։ Ինչի՞ համար է այս ձգձգված «գառների լռությունը», եթե համբերության բաժակը վաղուց լցվել է. շուտով 5 տարի կլինի, ինչ ամեն օր հանդուրժում ենք երկրի ու ժողովրդի ծանակումը Նիկոլի կողմից։

Իրական ընդդիմությունը խոսում է ռեժիմի վերնախավի կողմից Արցախից հրաժարման, ինքնիշխան Հայաստանի տարածքների սողացող բռնազավթման մասին, սակայն ամենամեծ վնասը իշխող խամաճիկային ռեժիմը հասցրել է հայ հասարակությանը։ Նիկոլին հաջողվեց քանդել հասարակական կապերը. այն, ինչը հնուց ի վեր համարվել է ժողովրդի ընդհանրություն, նույն այն համընդհանուր պատկանելությունը, առանց որի ժողովուրդը լոկ ինչ-որ տարածքում պատմականորեն սեղմ ապրող բնակչություն է։ Ե՞րբ ենք մենք կրկին դառնալու ժողովուրդ, որպեսզի իշխանությունից հեռացնենք հանցագործների ավազակախմբին՝ իր պարագլխի գլխավորությամբ։

Ծաղրելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ Նիկոլի դիմանկարին նայելու պատրաստակամության համար,ևմենք մոռանում ենք, որ ինքներս ծանոթ չենք 44-օրյա պատերազմի հերոսների դեմքերին, չենք տեսել, օրինակ, ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանի դիմանկարը, որը խոցել է հակառակորդի 15 տանկ և մեկ մարտական մեքենա։ Հոկտեմբերի 4-ին «Արցախի հերոսի» կոչում ստանալուց հետո Դավիթը մնաց առաջնագծում, որտեղ էլ զոհվեց 2020թ. նոյեմբերի 3-ի գիշերը: Երբ մենք կրկին դառնանք ժողովուրդ, երիտասարդ հերոսների դիմանկարները կլինեն յուրաքանչյուր աշխատասենյակում: