ՇՈԼՑԸ ՈՉ ՄԻ ԲԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ. ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԳԼԽԱՎՈՐ ՎՏԱՆԳԸ ԲԽՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՑ

Փաշինյանի այցը Գերմանիա, ուր նա մեկնել էր՝ չգիտես ինչու հետը վերցնելով նաև կնոջը (Հակոբյանը վերջին շրջանում ուղեկցում է ամուսնուն արտասահմանյան բոլոր ուղևորություններում) և դստերը, սկանդալային ստացվեց։ Իսկ սկանդալի «մեղավորը» ոչ այլ ոք էր, քան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը Նիկոլի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հանդես եկավ Արցախի Հանրապետությանը վերաբերող հայտարարությամբ։ Ըստ էության, կանցլերը ոչ մի նոր, առավել ևս «հանցալի» բան չասաց. նա ընդամենը հնչեցրեց միջազգային իրավունքի երկու սկզբունքներ՝ ընդգծելով դրանց համարժեքությունը. տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի։

«Ստատուս քվոն չի կարող շարունակվել, այն պետք է հանգի երկարաժամկետ լուծման՝ ի բարօրություն մարդկանց։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Ընդ որում բոլոր այս սկզբունքները հավասարազոր են»,- ասաց ԳՖՀ առաջնորդը։ Մի քանի ժամ անց նրա հայտարարությունը շտկեց Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուշները։

«Տարածաշրջանից մեզ դիմել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դաշնային կառավարության դիրքորոշումը կրկին բարձրաձայնելու խնդրանքով։ Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Գերմանիան աջակցում է տարածքային ամբողջականությանը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարեց Բյուշները։ Որից հետո Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Շոլցի ելույթը, որում ինքնորոշման իրավունքի մասին խոսքերը բացակայում էին։

Ուշադրություն դարձնենք շտկման հիմնավորմանը. «տարածաշրջանից մեզ դիմել են խնդրանքով»։ Թե կոնկրետ ով է դիմել, գերմանական կառավարության փոխղեկավարը չի ճշտում։ Տրամաբանական կլիներ ենթադրել, որ դիմել են Բաքվից։ Բայց շատ ավելի ճշմարտանման է թվում այն վարկածը, որ Ալիևը նույնիսկ կարիք չի ունեցել դա անել, քանի որ շտապ «դիմել են» Երևանից։ Եվ դիմել է Հայաստանը ներկայացնող հենց այն սուբյեկտը, որը ոչ մի բառով, նույնիսկ ակնարկով չաջակցեց Գերմանիայի կանցլերի դիրքորոշմանը ասուլիսի ժամանակ, թեև թվում էր, թե պարտավոր էր դա անել։ Հենց այդ սուբյեկտը կամ նրա հանձնարարությամբ ինչ-որ մեկը դիմել է գերմանական կողմին՝ պաշտոնական հայտարարությունից ինքնորոշման իրավունքի մասին ձևակերպումը հանելու խնդրանքով։

Արդյունքում Գերմանիայի դիրքորոշումը լիովին համընկավ Փաշինյանի թուրքական ռեժիմի դիրքորոշման հետ, որը բացառում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքն ու ենթադրում ընդամենը արցախցիների իրավունքների «պաշտպանություն» ցեղասպան պետության կազմում։ Նույն այն պետության, որը բառացիորեն երեկ հերթական անգամ ապացուցեց, թե ինչ ճակատագիր է պատրաստում Արցախի ժողովրդի համար և իրականում ինչպիսին են իր «խաղաղ մտադրությունները»։ Բայց փաշինյանական ԱԳՆ-ին դա չմտահոգեց. հայտարարելով, որ «Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով», այնտեղ կրկին ընդգծեցին ընդամենը «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը»։ Ընդ որում՝ պահանջելով այդ «երաշխիքները» ոչ այն է Բաքվից, ոչ այն է «միջազգային հանրությունից», բայց ոչ մի կերպ չցանկանալով ընդունել, որ Արցախի իրավունքների պահպանման և անվտանգության ապահովման միակ երաշխիքը կարող է լինել նրա անկախության ճանաչումը։

Կշտամբել Օլաֆ Շոլցին, որն ընդամենը հաստատեց միջազգային իրավունքի երկու սկզբունքների համարժեքության հանրահայտ փաստը և ճանաչեց սեփական ճակատագիրը վճռելու Արցախի ժողովրդի իրավունքը, առնվազն անարդար կլինի՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշման պարագայում։ Հիշենք Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022թթ. բանաձևերը, որոնք հրաժարվեց հաստատել այդ երկրի կառավարությունը։ Եվ հիշեցնենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լե Դրիանի խոստովանությունը, որը 2020 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ «դա չեն պահանջում նույնիսկ մեր հայ ընկերները»։ Երկու տարի անց Սենատը կրկին Արցախը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց, և կրկին կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ «Հայաստանի իշխանություններն իրենց առջև նման պահանջներ չեն դնում»։

Ըստ էության, Բեռլինում իրավիճակը կրկնվեց, պարզապես այս անգամ Արցախի ինքնորոշման իրավունքը հրապարակավ ճանաչվեց գործադիր իշխանության կողմից՝ հանձին դրա ղեկավարի։ Եվ Շոլցն, անշուշտ, այն տրամաչափի քաղաքական գործիչ չէ, որ հենց այնպես խոսի՝ նախապես հաշվի չառնելով Բաքվի արձագանքը։ Կարելի է չկասկածել, որ «տարածաշրջանից խնդրանքի» բացակայության դեպքում նրա հայտարարությունը ոչ մի փոփոխություն չէր կրի, եթե... Եթե խնդրանքը չբխեր Հայաստանի իշխանություններից։

Աներևակայելի է, բայց հենց այն Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները, որին շատ հաճախ և արդարացիորեն մեղադրում են հանուն ադրբեջանական էներգակիրների մարդու իրավունքների իրենց իսկ արժեքներն ուրանալու մեջ, երբեմն շատ ավելի հայամետ են արտահայտվում, քան Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները։ Բերենք դրա բազմաթիվ օրինակներից վերջինը։

Փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը 5-րդ ալիքի եթերում հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Հայերին ուղղված կոչերը՝ կա՛մ լքելու Լեռնային Ղարաբաղը, կա՛մ ստանալու Ադրբեջանի քաղաքացիություն, միջազգային իրավունքի խախտում են»։ Բառացիորեն մեկ օր անց՝ փետրվարի 28-ին, ակնհայտորեն առարկելով նրան, փաշինյանական խորհրդարանի խոսնակ, իր առանձնահատուկ ցինիզմով հայտնի Ալեն Սիմոնյանը, խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մասին, հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի հարցը պայմանագրում պետք է որևէ ձևով արտահայտված չլինի»։

Այժմ հարց. ինչո՞ւ պիտի Շոլցը, ինչպեսև ֆրանսիացի պատգամավորներն ու առհասարակ այդ տխրահռչակ «համաշխարհային հանրության» ցանկացած այլ ներկայացուցիչներ, պնդեն Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, եթե հայկական կողմը համառորեն խնդրում է նրանց չանել դա։ Ուրեմն ո՞վ է «իջեցնում» Արցախի կարգավիճակի նշաձողը. Փաշինյանն ու Միրզոյանը, թե՞ Գերմանիայի կանցլերը՝ Ֆրանսիայի Սենատի պատգամավորների հետ միասին։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ պիտի միջազգային հանրությունը հավատա ՀՀ ԱԳՆ այն հայտարարություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնել Արցախում, եթե նույն այդ ՀՀ ԱԳՆ-ը համառորեն չի ճանաչում մահացու վտանգից խուսափելու Արցախի ժողովրդի միակ միջոցի՝ հանրապետության անկախության ճանաչման իրավունքը։

Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պնդենք, թե Գերմանիայի կանցլերի մեն-միակ հայտարարությունը կարող էր փոխել իրավիճակը կարգավիճակի հարցում։ Անշուշտ, դա այդպես էլ կմնար լոկ հայտարարություն, նույնիսկ եթե չշտկվեր։ Բայց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների միանգամից երկու բանաձևերը, գումարած Օլաֆ Շոլցի հայտարարությունը, չհաշված համաշխարհային տերությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ այլ հայտարարություններ ու ակնարկներ, այն պարարտ հողն են, որը հայկական դիվանագիտությանը հիանալի հնարավորություն է տալիս աշխատելու հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Չենք խոսում արդեն այն մասին, որ ճանաչումը բուն Հայաստանի կողմից, անկասկած, շրջադարձային կլիներ և կհանգեցներ անշրջելի գործընթացի։ Նաև այդ նպատակով է միրզոյանական ԱԳՆ-ը կատաղի բացառում անգամ բուն միտքն Արցախի ինքնորոշման մասին, որպեսզի կանխի այն հարցը, թե ինչու դա չի անում նախևառաջ Երևանը։

Եթե Փաշինյանին՝ Սիմոնյանի ու Միրզոյանի հետ մեկտեղ, թվում է, թե ոչ միայն հայ հասարակության ողջախոհ հատվածը, այլև ողջ աշխարհը չի տեսնում ու չի հասկանում իրենց կողմնակցությունը թուրքական ցեղասպան քաղաքականությանը, նշանակում է՝ նրանք բոլորին չափում են իրենց թերամտության արշինով։ Բայց խնդիրն այն է, որ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ամեն ինչ գերազանց հասկանում են։ Պարզապես նրանք այլևս հարկ չեն համարում ձևացնել և թաքցնել իրենց իրական նպատակները։ Ամեն ինչ ծայրաստիճան պարզ է.Փաշինյան-Ալիև-Էրդողան եռադաշինքը միասնաբար գործում է ընդդեմ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի։

Միակ հարցը, որն այս իրավիճակում անհապաղ պատասխան է պահանջում, այն է, թե ի՞նչ և ե՞րբ է մտադիր անել հայ ժողովուրդը՝ հակահայկական եռյակի աղետալի ծրագրերը կասեցնելու համար։