ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՑ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՎ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՎՐԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կարծես թե բոլորին վաղուց հայտնի են այն հնարքները, որ կիրառում են իշխանությունները պետականության և անվտանգության առումով լրջագույն իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Բայց միևնույնն է, այդ պրիմիտիվ հնարքներից շարունակում են օգտվել մի պարզ պատճառով. իշխանություններն այն աստիճան են կապը կտրել, հատել բացարձակապես բոլոր կարմիր գծերը, այնքան լպիրշ, սանձարձակ ու անթաքույց ցինիկ են պահում իրենց, որ նորմալ մարդկանց շունչն իսկապես կտրվում է. ախր մի՞թե կարելի է այսպես, չէ՞ որ չափ ու սահման պիտի լինի... Կարելի է, քանզի չափ ու սահման սրանք չեն ճանաչում, և կդիմեն անխտիր ամեն քայլի՝ իշխանությունն ու անձնական բարեկեցությունը չկորցնելու համար։
Մյուս կողմից, հերթական ցուցադրական գրոհը «չափ ու սահմանի» դեմ և դրանով իսկ անկումը նոր «հատակ»՝ արդեն դարձել են նախապատրաստվող կարևորագույն իրադարձությունների յուրօրինակ նախանշանն ու ահազանգը։ Տվյալ համատեքստում այն, ինչ վերջին երեք օրերին հերթով անում են կապիտուլյանտի զինակիցները ներքին դաշտում , բառացիորեն աղաղակում է արդեն ոչ թե սպառնացող, այլ մեր ընդհանուր տուն ներխուժած ու տիրացած վտանգի մասին։ Այնքան ակնբախ է նրանց պահվածքի սադրիչ ու անսանձ լկտի բնույթը, այնքան կտրուկ է այն հակադրվում և միևնույն ժամանակ լրացնում սահմանին տեղի ունեցող ամենը, որ ցանկացած ողջախոհ մարդու համար միանգամայն հասկանալի են իշխանությունների գործողությունների էությունն ու իմաստը։
Սկզբում առաջադրանքը կատարեց սուսիկ-փուսիկ և կարծես թե օրինակելի ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որն առավելագույն ջանքեր գործադրեց ընդդիմադիր գործընկերոջից հարված ստանալու համար։ Սույն «ինտելեկտուալը» կարծես թե առաջին անգամ է հանդես գալիս այդչափ խորշելի դերում, բայց այդպիսին է Փաշինյանի մարտավարությունը. բոլորից հատուցում պահանջել բարեկեցիկ ու անհոգ կյանքի համար և այդպիսով փչացնել իր թիմակիցներին, բոլորին անխտիր։ Վարդանյանն ընդ որում, ինչպես պարզվեց, հիանալի դերասան է, որը տեսախցիկների առջև վարպետորեն հանդես եկավ անմեղ ծեծված «տուժողի» կերպարանքով, իսկ պալատական արտոնյալների խումբը նետվեց ուռճացնելու միջադեպը պետական մասշտաբի «ողբերգության» աստիճանի։
Իշխանությունը, որը սպանեց հղի կնոջը և աչքն էլ չթարթեց, իշխանությունը, որը դատարանում սրտի կանգի և մահվան հասցրեց հարգված ու բնավ ոչ տարեց մարդուն, իշխանությունը, որի մեղքով զոհվեց մի քանի հազար մարդ և շարունակում են զոհվել պատանի ու երիտասարդ զինվորները, ազգի գենոֆոնդը... Այդ իշխանությունը տիեզերացունց աղմուկ է բարձրացնում այն բանի համար, որ իր տղային, տեսեք-տեսեք, մատով դիպել են։
Բայց այս իշխանությունը լավ գիտի, թե ինչ է անում, քանզի նույն այդ ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ կերպով ամրություններ են կառուցում և խրամատավորվում Սյունիքի մարզում, Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Հաջորդ օրը իր հերթական ցնցող հայտարարությունն է հնչեցնում Էրատո-Հակոբյանը։ Այդ տիկնոջն առհասարակ բնորոշ առանձնակի ճարտար ցինիզմն այս անգամ ամփոփված էր նրանում, որ նա արեց դա պատերազմում զոհված զինվորների մայրերի և հարազատների ներկայությամբ, որոնց բացատրում էր իրենց որդիների մահվան «պատճառը». պարզվում է՝ հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել։ Է՛լ ավելի այլասերված ցինիզմն այն է, որ Հակոբյանը պարզապես մեջբերում է Ալիևին. մարտի 18-ին Բաքվի բռնապետն իր ելույթում նշեց հայկական բանակում «դասալիքների» հենց նույնպիսի թիվ. 11 հազար։
Այն հարցը, թե ով է ում ցուցումներ տալիս, և որքան սերտ է քրեական կապը Հայաստանի իշխանության և ոճրագործի միջև, որի ձեռքերը մինչև արմունկը հայի արյան մեջ են, տվյալ դեպքում արդեն այդքան էլ կարևոր չէ: Ինչպեսև այն հարցը, թե որտեղից տիկնոջն այդ թվերը և ինչ իրավունք ունի նա նման բան հնչեցնել։ Քանի որ նույն այդ պահին թշնամին եռանդագին դիրքեր է կառուցում Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ համացանցում տեսազրույցներ են պտտվում տեղի բնակիչ ականատեսների հետ, որոնք ցնցող փաստեր են պատմում այն մասին, թե որքան հեշտ ու հանգիստ է թշնամին զավթել հարյուրավոր կամ հազարավոր մետր հայկական հողեր…
Երրորդ օրը հերթը հասավ իշխանական գլխավոր պիժոնին, չկայացած դերասանին և ցուցարարների վրա թքող խուլիգան մայրիկի արժանի ժառանգին։ Դատելով ամենից, մարդկանց վրա թքելն այդ ընտանիքի գլխավոր բրենդային հմտությունն է, որովհետև հենց դա է անում Ալեն Սիմոնյանը այն մարդու նկատմամբ, որն իրեն անվանել է այնպիսին, ինչպիսին ոչ միայն ինքն է, այլև թուրքական գործակալների ողջ հանցախումբը. դավաճան: Բայց մինչ այդ վախկոտ Սիմոնյանը խոհեմորեն հրամայում է իր թիկնապահներին ոլորել քաղաքացու ձեռքերը, որպեսզի նրան զրկեն պատասխան տալու հնարավորությունից։
Եվ համացանցային ողջ հանրությունն անմիջապես սկսում է քննարկել Ալենչիկի թերարժեքության բարդույթները, Սիմոնյանների ընտանեկան ավանդույթները և Ազգային ժողովի նախագահի ամոթալի բնազդների անսանձությունը, որը խորապես թքած ունի թե՛ երկրի հեղինակության, թե՛ պետության իր ղեկավարած օրենսդիր մարմնի վարկի վրա։ Գլխավորը՝ ինքնահաստատվել թիկնապահների հաշվին ու ապացուցել Երևանում հանգիստ զբոսնելու իր իրավունքը՝ չվախենալով, որ իր երեսին կարող են նետել ճշմարտությունը իշխող թիմի՝ դավաճանների, դասալիքների ու վախկոտների խաժամուժի մասին։
Բայց դա էլ առանձնապես կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Սյունիքում ադրբեջանցիներն անարգել գրավեցին և անբռնազբոսիկ դիրքավորվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքում, Արցախի 75%-ի բռնազավթմանը և գրեթե 2 տարվա ընթացքում արդեն զավթած ՀՀ տարածքի կիլոմետրերին ավելացնելով նոր հատվածներ։ Կարևորն այն է, որ հայկական մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, իսկ հայկական բանակը զրկված է նրանց պաշտպանելու հնարավորությունից։ Կարևորը՝ բանակը հեռացնում են սահմանից, այնտեղ թողնելով միայն սահմանապահներին, որովհետև Նիկոլը վաղուց ծախել է Արցախը թուրքերին և այսուհետ Տեղը (եթե մնա հայկական) սահմանամերձ գյուղ է, որը, Նիկոլի համոզմամբ, խաղաղության դարաշրջանում բանակի պաշտպանության կարիքը չունի։
Թե ինչ կհրամցնի իշխանությունը վաղը, որպեսզի շարունակի թամաշա նետել հանրությանը և հնարավորություն տալ թշնամուն հանգիստ զավթել Արցախն ու Հայաստանը, արդեն ընդհանրապես կարևոր չէ։ Սրանք շարունակում են գիտակցաբար ու միտումնավոր հատել հնարավոր ու անհնար ամեն չափ ու սահման, և վաղուց վարժեցրել են մեզ չզարմանալ իրենց կատարմամբ մատուցված որևէ բանի վրա: Գիտակցաբար նահանջելով և նորանոր հայկական հողեր զիջելով թուրքերին՝ Հայաստանը բռնազավթած դավաճանական ռեժիմը միաժամանակ նույնքան միտումնավոր ու նպատակաուղղված հարձակում է կազմակերպում հայերի վրա երկրի ներսում՝ հետևողականորեն իրականացնելով իր հակահայկական քաղաքականությունը։
Եվ այս պայմաններում ամենակարևոր հարցն այն է, թե ուրիշ էլ ի՞նչ պիտի անի իշխանությունը, որպեսզի վերջապես համբերության բաժակը լցվի և սրբի բոլոր այս ճիվաղներին քաղաքական ասպարեզից, հնարավորություն տալով պետությանն ու ժողովրդին կենտրոնանալ գլխավորի՝ Հայրենիքի փրկության վրա։