ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՄԱՐԴ, ԹԵ՞ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱԳԻԾ

Իշխանության անձնավորումը Հայաստանում բացարձակ բնույթ է կրում՝ գրեթե 100 տոկոսով կենտրոնանալով առաջին դեմքի վրա։ Ըստ այդմ, հենց Փաշինյանի վրա է արդարացիորեն դրվում պատասխանատվության առյուծի բաժինը վարվող քաղաքականության և դրա աղետալի արդյունքների, երկրի ծանրագույն վիճակի և պետության ու ժողովրդի գլխավերևում կախված մահացու սպառնալիքների համար։ Բայց Նիկոլը միայնակ երբեք չէր հաղթահարի իր վրա դրված հակահայկական առաքելությունը. նրան, բնականաբար, կատարողներ են պետք, ընդ որում՝ ոչ միայն շարքային, այլև մերձավոր շրջապատի անձինք։

Խոսքն ամենեվին էլ անդեմ կերպարների այն զանգվածի մասին չէ, որոնք եռանդագին ջանում են իրենց համեմատաբար բարձր աշխատավարձի դիմաց, օգտվելով «հարմար» պահից և չմտորելով օկուպացիոն ռեժիմին հավատարիմ ծառայության հետևանքների մասին։ Խոսքը հասարակական կերպարների մասին է, որոնք ոչ միայն կատարում են հայոց պետության փլուզման և ազգային արժեքների այլասերման իրենց հանձնարարված գործառույթները, այլև ունեն քաղաքական և այլ հավակնություններ։

Նիկոլանման կերպարների մեջ, ճիշտ այնպիսի, ինչպիսին ինքն է, թերուս, որևէ ոլորտում փոքրիշատե գիտելիքներ չունեցող, ցինիկ ու գռեհիկ դուրսպրծուկների, որոնք զուրկ են թե՛ ինտելեկտի, թե՛ բարոյականության կնիքից և հանուն իշխանության ու փողի պատրաստ են բացարձակապես ամեն քայլի, կան այդ շարանից տարբերվող մի քանի պաշտոնյաներ։ Նրանք, ծառայելով հանցավոր ռեժիմին, ինչ-որ կերպ կարողանում են պահպանել պետականամետի որոշակի երանգ, պարկեշտության ինչ-որ նմանություն և նույնիսկ արտաքին բարեկերպություն՝ ներգրավված չլինելով սկանդալների մեջ և զերծ մնալով ամոթալի արտահայտություններից ու անպարկեշտ վարքագծից։

Նրանց չես համեմատի, ասենք, խորշելի և ինքնագոհ Սիմոնյանի, Միրզոյանի, Ավինյանի, Ա.Քոչարյանի, Արսենյանի, Աղազարյանի և այլ «կարկառուն» ՔՊ-ականների հետ, որոնց պարագայում ամեն ինչ վաղուց պարզ է, և որոնց հանդեպ արդեն որևէ վերաբերմունք չկա, բացառությամբ ֆիզիկական ու բարոյական նողկանքի։ Նույնպիսի, ինչպիսին իրենց շեֆի նկատմամբ: Բայց հենց կրթվածության, բանիմացության և կարծես թե պարկեշտության առկայությունն է, որ թույլ է տալիս ավելի շատ պահանջներ ներկայացնել այդ շրջանակից առանձնացող մարդկանց, քան տիպիկ նիկոլականներին։

Խոսքը տվյալ դեպքում Մհեր Գրիգորյանի մասին է, փոխվարչապետի, որն անփոփոխ զբաղեցնում է այդ պաշտոնը 2018 թվականի մայիսից և, դատելով ամենից, թուրքական դրածոների հանցախմբի անփոխարինելի անդամն է։ Նրա մասին համեմատաբար քիչ է խոսվում դավաճանական ռեժիմի համատեքստում, թեև ներգրավված է բազմաթիվ գործընթացներում և մշտապես աչքի առաջ է։ Նրա նկատմամբ հասարակական վերաբերմունքն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես անտարբերություն, բայց, որքան էլ պարադոքսալ է՝ ավելի շուտ դրական. դրական այնքանով, որքանով կարող է լինել ռեժիմի հակահայկական քաղաքականության առանցքային դեմքերից մեկի դեպքում։

Մհեր Գրիգորյանն այնքան երիտասարդ չէ, որքան «հեղափոխական» հանցախմբի անդամների մեծամասնությունը, նա իսկապես լավ կրթված է որպես իրավաբան և գործարար, ունի բանկիրի պատկառելի մասնագիտական փորձ, իշխող և որևէ այլ կուսակցության անդամ չէ, ունի մի շարք կառավարական պարգևներ, որոնք ստացել է մինչև 2018 թվականը։ Թե ինչը ստիպեց նրան միանալ փաշինյանական ոհմակին, դժվար է հասկանալ, բայց փաստը մնում է փաստ. 2018թ. մայիսի 12-ից առ այսօր նա աշխատում է որպես Փաշինյանի փոխվարչապետ և հայկական կողմից որպես առաջին դեմք ներգրավված է «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման» բանակցություններում։ Այսինքն շատ ակտիվորեն կյանքի է կոչում հայոց պետության և Արցախի համար կործանարար չարաբաստիկ «խաղաղության դարաշրջանը»։

Ինչո՞ւ հենց այսօր մենք ուշադրություն հրավիրեցինք այդ պաշտոնյայի վրա։

Հունիսի 15-ին Արցախի շրջափակումը, ինչպես հայտնի է, լիակատար և կոշտ բնույթ ստացավ. Բաքուն արգելափակեց ամեն ինչ, այդ թվում՝ հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով: Աղետը Արցախի գլխավերևում կախվել է առավել քան բացահայտ. հանրապետության ժողովրդին պարզապես խեղդում են ամեն անհրաժեշտի արդեն ոչ թե պակասով, այլ փաստացի բացակայությամբ։ 120.000 հայեր պատանդ են մնացել աշխարհի լռության, իսկ գլխավորը՝ Հայաստանի դե ֆակտո իշխանություններից որևէ աջակցության բացակայության պայմաններում, որոնք, հակառակը, Ադրբեջանի հետ համատեղ իրագործում են հայկական երկրամասի բռնակցման ահաբեկչական ծրագիրը։ Հայության մտածող հատվածն ահազանգում է՝ փորձելով խնդրի վրա հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը, բայց այդ ջանքերն ակնհայտորեն բավարար չեն։

Իսկ այ Մհեր Գրիգորյանը, ինչպես պարզվեց, նույնիսկ այս պայմաններում եռանդագին ձգտում է ապաշրջափակել ճանապարհները և սահմանազատում անցկացնել։ Հունիսի 17-ին՝ Արցախի կոշտ շրջափակման երրորդ օրը, նա իր ադրբեջանցի գործընկերոջն է ուղարկում սահմանագծման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ՝ «քննարկելու ընթացիկ վիճելի հարցերը, որոնք լարվածություն են առաջացնում հայ-ադրբեջանական սահմանին»։ Իսկ երեք օր անց ուրախությամբ հայտնում է, որ իր առաջարկն ընդունվել է, և շուտով նման հանդիպում տեղի կունենա։ Այսինքն՝ նա կհանդիպի, կսեղմի ձեռքը և, ասես ոչինչ չի պատահել, կբանակցի նրանց հետ, ովքեր կազմակերպել և իրականացնում են արցախահայության ցեղասպանությունը։

Սա նույնիսկ աբսուրդ չէ, նույնիսկ բացարձակ անբարոյականություն կամ զառանցանք չէ. սա նորմալ մարդու հասկացողությունից դուրս է: Ակամայից սկսում ես տալ գիտակցված-անհեթեթ հարցեր. այդքան ջերմեռանդորեն Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման ձգտող Մհեր Գրիգորյանը տեղյա՞կ է, որ Արցախին սով է սպառնում, որ ծանր հիվանդ մարդիկ զրկված են բուժման հնարավորությունից, որ դեղատներում և հիվանդանոցներում դեղորայքի խիստ պակաս կա, որ Մարտունու շրջանի գյուղերում մարդիկ մնացել են առանց ջրի, իսկ չորս գյուղեր կտրված են ոչ միայն մնացյալ աշխարհից, այլև նույնիսկ մնացյալ Արցախից:

Նա գիտի՞, թե ինչ մահացու վտանգ է կախված հայրենակիցների գլխավերևում։ Թե՞ Մհեր Գրիգորյանին այդ ամենը չի հետաքրքրում։ Փաշինյանի փոխվարչապետն ընդհանրապես մա՞րդ է, թե՞ մի համատարած բիզնես նախագիծ։

Այն իրավիճակում, որում հայտնվել է Արցախը, պիտի որ դադարեցվեին բոլոր հանդիպումներն ու բանակցությունները նրանց հետ, ովքեր դանդաղ խեղդում ու սպանում են հայկական հանրապետությունը։ Փաշինյանի իշխանության համար՝ հակառակը. ամեն ինչ ակտիվանում է, և Մհեր Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ, բնականաբար՝ շեֆի հրահանգով, հանդիպման առաջարկ է ուղարկում Արցախի և արցախցիների դահիճ պետության ներկայացուցիչներին։ Եվ շատ գոհ եմ, որ իր առաջարկն ընդունվել է, մի պահ անգամ չմտածելով նման իրավիճակում թշնամու հետ որևէ շփման բացարձակ անբարոյականության ու զազրելիության մասին։

Ասենք, երևի այլ բան չարժեր էլ ակնկալել մի մարդուց, որը վերջին հինգ տարիներին հավատարմորեն ծառայել է Նիկոլ Փաշինյանին։ Երբ երկրում իշխում է օկուպացիոն դավաճանական ռեժիմը, ապա կրթվածությունը, փորձը, առողջ պրագմատիզմը աշխատում են ոչ թե ի շահ, այլ բացառապես ի վնաս պետության։ Հետևաբար՝ մի գրոշ անգամ չարժեն և դառնում են շատ ավելի վտանգավոր, քան սիմոնյանների ու միրզոյանների մասնագիտական և մարդկային ապիկարությունը։

Եվ ամեն ինչի համար Գրիգորյանը պետք է պատասխան տա իր թիմակիցների հետ հավասար՝ որպես դավաճանների թիմի երևելի անդամ. առանց ներողամտության և արդարացումների։