Ավետ ԱԴՈՆՑ․ ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ 270 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՁԱԽՈՂՈՒՄ ԷՐ

Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Եվրամիության կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի հատկացումը կատարյալ ձախողում է։ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, դեսպան Ավետ Ադոնցը։

«Եթե Եվրամիության հետ մեր իշխանությունների բանակցային գործընթացի ֆինանսական բաղադրիչը կազմել է միայն ԵՄ-ի խոստացած 270 միլիոն եվրոն, ապա դա կարելի է համարել կատարյալ ձախողում։ Փոխարենը մենք էլ ավելի ենք բարդացրել մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և հարևան Իրանի հետ՝ երկիրը մոտեցնելով աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզ դառնալուն:

Գործարքի քաղաքական արժեքը հասկանալու համար պետք է հիշեցնեմ, որ 2012-2013թթ., նախքան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանը ԵՄ-ի հետ միասին պատրաստում էր դոնորների համաժողով անցկացնել, որում ակնկալվում էր հավաքել առնվազն 2 միլիարդ եվրո»,- նշել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն առաջիկայում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո, որը կլինի չորս տարվա ընթացքում և դրամաշնորհների տեսքով։

«Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր և միջին ընկերություններին։

Panorama.am