Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՂԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ունենալ։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայ-ռուսական դաշնակցության արդյունքը եղել են երկու հայկական պետականությունները, զարգացած տնտեսությունը»,- նշեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքի ձգտումը՝ Վրաստանից ստանալ նոր հակառուսաստան և նոր Ուկրաինա, չիրականացավ, որովհետև Վրաստանում կա պետականամետ, ազգային, ինքնիշխան ղեկավարություն, որը շատ ուղիղ ասաց՝ այո, մեր ճանապարհը դեպի Եվրոպա է, բայց մենք Արևմուտքի ձեռքը գործիք չենք դառնա Ռուսաստանի դեմ։

Շարմազանովը հիշեց Օտտո ֆոն Բիսմարկին, որն ասել է` միայն հիմարը Ռուսաստանի դեմ կարշավի, և խորհուրդ է տվել հարձակումներ չգործել և դավեր չնյութել այս երկրի դեմ։

Նա վստահեցրեց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի կողմից ներվելու է ամեն ինչ, քանի դեռ նա հակառուսական գծի մեջ է։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը մի փոքր քաղաքական հաշվարկ և ուղեղ ունենար, կասեր՝ էս Վրաստանը, որ 100 տարի եվրաինտեգրման էր գնում, ԵՄ ճանապարհին էր, հազար ձևի թելերով կապված է Եվրոպայի հետ, չի մտնում էս ավանտյուրայի մեջ ընդդեմ Ռուսաստանի, ես ո՞ւր եմ մտնում»,- ընդգծեց Շարմազանովը։

Sputnik Արմենիա