Բաքուն նեղսրտել է Էրդողանի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օգնելու հայտարարությունից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե թուրքական զինուժը մասնակցություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին։ Ադրբեջանի ՊՆ-ն այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի՝ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արել է նախկինում Լիբիայում և Ղարաբաղում:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են», -հայտարարել է Ադրբեջանի ՊՆ–ն։

Բաքուն Թուրքիայի ռազմական օգնությունը, բազմաթիվ թուրք խորհրդականների ներկայությունը, նրանց մասնակցությունը գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև զենքի առատ մատակարարումները անվանել է «քաղաքական աջակցություն»:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ առանց Թուրքիայի օգնության հաղթելը չափազանց դժվար կլիներ:

Sputnik Արմենիա