Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի և Բելառուսի միացյալ էներգաշուկայի ստեղծման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն Է ստորագրել, որով հավանություն է տրվում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության միասնական էներգետիկ շուկայի ձևավորման մասին պայմանագրին: Բարձրագույն մակարդակով համաձայնագրի ստորագրում նախատեսող փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընդունել պայմանագիրը ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը,-ասվում է կարգադրության մեջ։ -Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագրի ստորագրումը բարձրագույն մակարդակով»:

Բանակցությունների վարումը հանձնարարվել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությանը։ Գերատեսչությունն օժտվել է նաև ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ ոչ ստանդարտ փոփոխություններ կատարելու իրավունքով։

Ընդհանուր էներգետիկ շուկան Մոսկվայի և Մինսկի հարաբերությունների սկզբունքային հարցերից մեկն է։ Դրա ձևավորումը քննարկվել է, մասնավորապես, այս տարվա մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բելառուս կատարած այցի ընթացքում։ Ի սկզբանե, ընդհանուր էներգաշուկայի գործարկումը նախատեսված էր 2024 թվականի սկզբին, սակայն, ինչպես նշել Է Պուտինը, Մոսկվայի և Մինսկի միջև առկա էին որոշ տարաձայնություններ։

ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ նախագիծը պատրաստ է լիազորների միջոցով էլեկտրաէներգիայի առուվաճառքի աշխատանքների առաջին փուլին: Երկրորդ փուլում նախատեսվում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում ավելի խորը ինտեգրում՝ գործընթացների միասնական կարգավարական կառավարման կազմակերպում և գազի արժեքի հավասարեցում։ Հետագայում նախատեսվում է սինխրոնացնել այդ նախագիծը ԵՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի աշխատանքի հետ։

Բելառուսական կողմը պայմանագրի նախագծին հավանություն է տվել 2023 թվականի նոյեմբերի վերջին։ ՌԴ կառավարությունը հուլիսին հաստատել է համաձայնագրի սկզբունքային տեքստը, ընդ որում, ինչպես նշել է ՌԴ Էներգետիկայի նախարարությունը, ներպետական բոլոր ընթացակարգերն արդեն ավարտվել են, և փաստաթուղթը պատրաստ է նախագահների ստորագրմանը:

Sputnik Արմենիա