Լրացուցիչ ուժեր են ներգրավվում․ ԱԱԾ–ն` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը լրացուցիչ ուժեր է ներգրավում` կապված ՌԴ սահմանապահների առաջիկա դուրսբերման հետ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» անցման կետում սահմանային վերահսկողության գործառույթի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նշված անցման կետից ՌԴ սահմանապահների դուրս գալուն զուգահեռ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու ուղղությամբ»,- ասված է պատասխանում:

Միաժամանակ ԱԱԾ-ից հայտնել են, որ սահմանապահ զորքերն անհրաժեշտ կադրերով համալրելու գործընթացը պարբերական բնույթ ունի:

Հարցին, թե արդյոք արձակուրդային սեզոնին ՌԴ սահմանապահների դուրսբերումը չի հանգեցնի օդանավակայանում հերթերի, գերատեսչությունից պատասխանել են, որ կուտակումները սովորաբար լինում են միաժամանակ մեծ թվով չվերթերի առկայության դեպքում:

«Ընդ որում, նման իրավիճակներ հաճախ են եղել ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում»,- ասել են ծառայությունից: