ՌԴ ԱԳՆ-ն չի պատասխանել Ադրբեջանի կողմից զենքի զանգվածային գնման մասին ուղիղ հարցին

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու օգտին։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը` պատասխանելով 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից զենքի զանգվածային գնումների մասին հարցին, մասնավորապես, այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը, Իտալիա, Սերբիա և այլն։

Ընդ որում, ինչպես նշել է լրագրողն իր հարցի մեջ, զենքի այս գնումները տեղի են ունենում այն ​​ֆոնին, որ Բաքուն Հայաստանի Հանրապետության տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այսինքն Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հիմք է պատրաստում:

«Արևմտամետները ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը, այն վերածել լարվածության հերթական օջախի կամ նույնիսկ երկրորդ ճակատի՝ Ռուսաստանի սահմանների մոտ: Դրա համար նրանք փորձում են ներթափանցել տարածաշրջանային գործընկերների հետ մեր բազմակողմ հարաբերությունների բոլոր ոլորտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության թեմային։

Մենք բազմիցս խոսել ենք Հայաստանում ԵՄ հետախուզական առաքելության մասին։ Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու օգտին։ Էսկալացիայից խուսափելու համար մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին զգույշ լինել, խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից և ջանքերը կենտրոնացնել փոխընդունելի լուծումներ գտնելու վրա, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման արագ ձեռքբերմանը:

Ինչպես արդեն նշել եմ, դրա միակ ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ասել է Նաստասինը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ էմոցիոնալ էր մեկնաբանել Հայաստանին ռազմական օգնություն հատկացնելու ԵՄ ԱԳՆ որոշումը։

Նշենք, որ հուլիսի 22-ին ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանին ռազմական օգնություն հատկացնելու որոշումը։ Երկրին կտրամադրվի վրանային ճամբար՝ 10 միլիոն եվրոյով գումարտակի մակարդակով ստորաբաժանման համար: Գնումը կֆինանսավորվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից։

Լուրեր Հայաստանից - NEWS.am