ԵԱՏՄ–ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը գրեթե պատրաստ է ստորագրման. Պուտին
Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը գրեթե պատրաստ է ստորագրման: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ, պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է, որ փաստաթուղթը զգալի դեր կխաղա առևտրատնտեսական կապերի զարգացման գործում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շուկան բավական տարողունակ է, Ռուսաստանն էլ մեծ հետաքրքրություն ունի Ինդոնեզիայի շուկայի նկատմամբ։
ՌԴ–ն կերկարաձգի բենզինի արտահանման սահմանափակումները, բայց ոչ ԵԱՏՄ երկրների համար
Ինչ վերաբերում է երկկողմ տնտեսական հարաբերություններին, ապա Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ավելացնել գյուղմթերքի մատակարարումները, զարգացնել էներգետիկ նախագծերը Ինդոնեզիայի հետ:
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ավելացնել գյուղմթերքի մատակարարումները, ներդրումային ծրագրեր իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում»,– ասել Է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ միջկառավարական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ։
Ինդոնեզիայի ղեկավարն իր հերթին հայտնել է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչների հետ արդեն քննարկել է ատոմային ոլորտում համագործակցելու հնարավորությունները: