Էրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականին կուսակցության իշխանության գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայված MetroPOLL Research ընկերության հարցումների արդյունքները։
MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազոտության արդյունքները ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների կտրվածքով հայտնել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։
Արդյունքները ցույց են տվել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս 20,6%-ից անկում է ապրել, հասնելով մինչև 18,1%-ի: Չկողմնորոշված ընտրողների հաշվին այն կազմում է 26,1 տոկոս։
Հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության հանդեպ համակրանքը, սակայն, ավելի կայուն է եղել՝ ապրիլին՝ 23,8%, իսկ հուլիսին՝ 23,5%: Չկողմնորոշված ընտրողների հաշվարկով այս կուսակցության աջակցությունը կազմել է 33,8 տոկոս։
Հարցման մասնակիցներին հարցրել են, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե համընդհանուր ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի: Հարցմանը մասնակցել է 1784 մարդ 28 նահանգներից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am